«Մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործենք». Արայիկ Հարությունյանի կոչը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ հուլիսի 10-ին, Facebook-ի իր էջում կոչ է անում քաղաքացիներին մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործել:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում եւ ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար: Նույնը խորհուրդ կտամ անել ձեզ ձեր բնակարաններում եւ գրասենյակներում՝ մարելով ավելորդ լույսերն ու անջատելով օդորակիչները: Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է»։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:
Խափանվել էր նաև Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը: