Թրամփը կարող է վետո դնել Պենտագոնի 733 մլրդ դոլար բյուջեի նախագծի քննարկման վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վետո դնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվող 2020 ֆինանսական տարում, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից, 733 մլրդ դոլար պաշտպանական բյուջեի նախագծի վրա, եթե 2 պալատների օրենսդիրները հավանություն տան: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած 10-էջանոց հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ կառավարությունը դժգոհ է, որ դեմոկրատների կողմից վերահսկվող օրենսդիր մարմնի ստորին պալատը Պենտագոնին 733 մլրդ դոլար է հատկացնում՝ ավելի վաղ խնդրած 750 մլրդ դոլարի փոխարեն: Եթե բյուջեի նախագծի այս տարբերակը «ներկայիս տեսքով ներկայացվի նախագահին, նրա խորհրդականները խորհուրդ կտան վետո կիրառել», նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Նշված է նաեւ, որ «[օրինագծի] մի շարք դրույթներ խոր մտահոգություն են առաջացնում»:
Ներկայացուցիչների պալատի նախաձեռնությունն ուղղված է, մասնավորապես, Պենտագոնի բյուջեից օրենսդիրների հատկացրած միջոցները ամերիկա-մեքսիկական սահմանին պատի կառուցմանը վերաուղղորդելու նախագահի հնարավորության սահմանափակմանը, ինչպես նաեւ սահմանափակում է զորքերն այդ սահման ուղարկելու գլխավոր հրամանատարի հնարավորությունը: Սպիտակ տան հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վաշինգտոնի վարչակազմը «վճռականորեն առարկում» է սահմանին առնչվող դրույթներին:
Գործադիր իշխանությունը նաեւ «վճռականորեն առարկում է» դեմոկրատների՝ սուզանավերում տեղադրված փոքր հզորության միջուկային մարտալիցքերը բալիստիկ հրթիռների վրա տեղակայելն արգելելու առաջարկին։ Թրամփի ընդդիմախոսները պնդում են, որ նման մարտագլխիկները բարձրացնում են միջուկային պատերազմի հավանականությունը, այն դեպքում, երբ վարչակազմը դա անվանում է «կշռադատված պատասխան իրական սպառնալիքի թեժացմանը»։
Սպիտակ տունը դեմ է այն դրույթներին, որոնք բացառում են պատասխան միջոցների մշակման ֆինանսավորումը ռուս-ամերիկյան Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՓՄՀՀՊ) Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո, ինչպես նաեւ արգելում են միջոցներ հատկացնել, որպեսզի Վաշինգտոնը դուրս գա Բաց երկնքի մասին պայմանագրից (ԲԵՊ)։ Առաջինը, ինչպես նշվում է հայտարարությունում, կհանգեցնի նրան, որ ՆԱՏՕ գծով դաշնակիցները «կասկածի տակ կդնեն» ԱՄՆ վճռականությունը՝ «երաշխավորել, որ Ռուսաստանը չկարողանա հասնել ռազմական գերազանցության ի հաշիվ պայմանագրի խախտման»։ ԲԵՊ-ի վերաբերյալ Սպիտակ տունը նշել է, որ միայն նախագահն «ունի պայմանագիրը դադարեցնելու, ընդհատելու կամ պայմանագրից դուրս գալու սահմանադրական լիազորություններ»։
Հունիսի վերջին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն էր տվել ամերիկյան 750 մլրդ դոլարանոց ռազմական բյուջեի նախագծին 2020 թվականի համար։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դիտարկվում է պաշտպանական բյուջեի նախագծի սեփական տարբերակը հաջորդ ֆինանսական տարվա համար։ Կոնգրեսականների կողմից առաջիկա օրերին այս նախաձեռնության հավանական ընդունումից հետո երկու պալատների օրենսդիրներից կպահանջվի համաձայնեցնել երկու նախագծերի մանրամասները։ Երկու փաստաթուղթն էլ զգալի տարբերություններ ունեն։