Եգիպտոսը դիմել է Ինտերպոլ Լոնդոնում Թութանհամոնի կիսանդրու վաճառքի պատճառով
Եգիպտական իշխանությունները խնդրել են Ինտերպոլին օգնել պարզելու անցած շաբաթ Լոնդոնում մոտ 6 մլն դոլարով (4 մլն 746 հազար դոլար) վաճառված՝ եգիպտական փարավոն Թութանհամոնի քարե հնագույն կիսանդրու տեղը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով AFP-ին։
Սակարկությունները հուլիսի 4-ին իրականացրել է Christie's աճուրդների տունը։ Դա առաջ է բերել Եգիպտոսի դժգոհությունը, որի իշխանությունները վաղուց պահանջում են վերադարձնել ժամանակին հնագետների գտած եւ ապօրինաբար երկրից դուրս տարված արտեֆակտները։
AFP-ի տվյալներով՝ եգիպտացի դատախազները հնության առարկաների հայրենադարձման Ազգային կոմիտեի պահանջով դիմել են Ինտերպոլ՝ խնդրելով պարզել նման մասունքների գտնվելու վայրը, որոնք, ենթադրաբար, անհրաժեշտ փաստաթղթավորում չունեն, որոնք կապացուցեն վաճառքի օրինականությունը։ «Կոմիտեն լուրջ դժգոհություն է հայտնում (նման) ոչ պրոֆեսիոնալ վարքից՝ եգիպտական հնությունների վաճառքից, առանց դրանց պատկանելության մասին փաստաթղթեր եւ ապացույցներ ներկայացնելու, որոնք կհաստատեն, որ դրանք Եգիպտոսից դուրս են բերվել օրինական ձեւով»,- նշել է կոմիտեն իր հայտարարությունում։
Թութանհամոնի գլուխը գտնվում է մասնավոր հավաքածուում եւ չի ներկայացվում վաճառքի 1985 թվականից։ Թե ինչպես է կիսանդրին հայտնվել Եվրոպայում՝ ստույգ հայտնի չէ։ Christie's-ը նշում է, որ 60-ական թվականներին այն մտնում էր գերմանացի արիստոկրատ եւ հավաքորդ Վիլհելմ Թուրն-ի-Թաքսիսի հավաքածուի մեջ։ Աճուրդների տանն ասել են, որ Եգիպտոսի իշխանություններին տեղեկացրել են աճուրդի անցկացման մասին։