Ջիբրալթարում լցանավի կալանումն անպատասխան չի մնա. Իրան
Թեհրանն անպատասխան չի թողնի Ջիբրալթարում (Պիրենեյան թերակղզում Մեծ Բրիտանիայի տարածք) Grace 1 լցանավի կալանման միջադեպը։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանական լցանավի կալանումն անպատասխան չի մնա, որը մենք կտանք անհրաժեշտ տեղում եւ անհրաժեշտ պահին»,- Բաղերիին մեջբերում է Tasnim գործակալությունը։ Նրա խոսքով՝ «այսօր թշնամիները ջանում են վախեցնել Իրանին հոգեբանական ճնշման օգնությամբ, եւ այդ պայմաններում երկրի զինված ուժերը պատասխանատվություն են կրում պետության անվտանգության եւ հզորության պահպանման համար»։
Երկուշաբթի Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին Ջիբրալթարի իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանումն անվանել է «ծովահենության ակտ»։