Նվաստացնելով հայ զինվորին՝ Ադրբեջանը նպատակ ունի վիրավորանք հասցնել հայ ժողովրդին և գցել Հայաստանի վարկանիշը
«Ադրբեջանցիների ռեժիսորները պարզապես կտրել են Հակոբի խոսքի միջնամասը՝ թողնելով միայն սկիզբն ու վերջը: Թե ինչ է ասվում միջնամասում, անհայտ է: Այն, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նրա խոսքը խեղաթյուրել են, և ադրբեջաներեն թարգմանությունը չէր համապատասխանում հայ զինվորի խոսքերին, ակնհայտ է: Իսկ հայ որոշ լրագրողները հենվել են ադրբեջանական տեսակետի վրա: Դա առնվազն անզգուշություն է՝ այն դեպքում, երբ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ ոչ թե տեղեկատվություն, այլ քարոզչություն է տարածում»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը խախտել է Ժնևյան կոնվենցիայի այն դրույթը, որի համաձայն՝ չի թույլատրվում ռազմագերիներին հեռուստատեսությամբ անհասկանալի պայմաններում հարցազրույցներ տալ:
Քաղաքագետի խոսքով՝ նվաստացնելով հայ զինվորին՝ Ադրբեջանը նպատակ ունի վիրավորանք հասցնել հայ ժողովրդին և գցել Հայաստանի վարկանիշը: Մյուս կողմից էլ նման քայլը շահադիտական նպատակներ է հետապնդում. «Ադրբեջանը նախընտրական փուլ է թևակոխել: Ալիևն Ադրբեջանի ժողովրդին կարծես թե փորձում է ցույց տալ այն խոստումները, թե Հայաստանը շուտով ստիպված է լինելու ընդունել իր պարտությունը: Նա ուզում է իր ստերն ապացուցել. արդյունքում ապատեղեկատվություն է տարածում»,-ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանը:
Ըստ նրա՝ հայաստանյան կողմը պետք է դիմի միջազգային մի շարք կառույցների, բողոքարկի, որպեսզի հայ ռազմագերուն հնարավորինս շուտ տեղափոխեն Հայաստան: «Մենք տեսնում ենք, որ Կարմիր Խաչի ադրբեջանական գրասենյակը ոչինչ չի անում: Կարմիր Խաչի ներկայացուցիչները միայն հանդիպել են ռազմագերուն և փոխանցել, որ նա լավ է, ինչը ոչ մի հիմք չի տալիս հանգիստ նստելու և սպասելու: Ադրբեջանի տարածքում Հակոբ Ինջիղուլյանի կյանքին ռեալ վտանգ է սպառնում»,-հավելել է քաղաքագետը:
Զրուցեց Նազենի Բաղդասարյանը