«Ռուսթավի 2»-ի հաղորդավարին սկանդալային եթերից հետո աշխատանքից ազատել են
«Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիային Ռուսաստանի ղեկավարության հասցեին հնչեցրած անցենզուր արտահայտությունների պատճառով աշխատանքից ազատել են, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Հեռուստաալիքի ինքնակարգավորման մարմինը քննարկել է հուլիսի 7-ին «P.S.» հեղինակային ծրագրի ժամանակ լրագրող Գեորգի Գաբունիայի հեղինակային տեքստը եւ որոշում ընդունել 2 ամսով լրագրողական լիազորություններից զրկելու մասին»,- ասվում է հեռուստաընկերության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են Գաբունիայի հեղինակային բոլոր ծրագրերին:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան «Ռուսթավի 2»-ում իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքով: Վրաստանում համացանցի ահռելի թվով օգտատերեր դատապարտել են Գաբունիային եւ մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ ուղիղ եթերում հայհոյանքն անընդունելի է համարում, չնայած եւ համաձայն է հեռուստահաղորդավարի դիրքորոշմանը: Գաբունիայի ելույթը դատապարտել են Վրաստանի նախագահն ու վարչապետը, երկրի ԱԳՆ-ն լրագրողի ելույթը գնահատել է որպես երկրների հարաբերություններում լարվածությոն մտցնելու փորձ:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է միջադեպին եւ շեշտել, որ սա «Վրաստանի դժբախտությունն է»: