«Վրացական երազանքում» «Ռուսթավի 2»-ի սկանդալային եթերն անվանել են պետհեղաշրջման փորձ
«Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի անցենզուր արտահայտությունները Ռուսաստանի ղեկավարության հասցեին պետական հեղաշրջման երկրորդ փորձն են, որը վերջերս կանխվեց վրաց իրավապահների կողմից։ Այս մասին ճեպազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Վոլսկին, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Կեղտոտ քաղաքական սադրանքը, որը տեսավ վրաց հանրությունը «Ռուսթավի 2»-ի եթերում, պետական հեղաշրջման երկրորդ փորձն է, որի նպատակն է ապակայունացումը, հակամարտության նոր ալիքի ստեղծումը պետությունների միջեւ հարաբերություններում, տնտեսական խնդիրները Վրաստանի քաղաքացիների համար, պատժամիջոցների հրահրումը»,- ասել է Վոլսկին։
Նա նշել է, որ սկանդալային եթերն «ուղղակի եւ անխուսափելի» ռիսկեր է ստեղծում Ռուսաստանում ապրող հայրենակիցների համար։ Փոխնախագահի խոսքով՝ Գաբունիայի արտահայտությունները մասնավոր հեռուստաընկերության սովորական խմբագրական էքսցես չեն, այլ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու եւ նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցության «բազմամյա պատերազմի» մի մասն են վրաց ժողովրդի դեմ։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ հաղորդավար Գեորգի Գաբունիան կիրակի իր հեղինակային «P.S.» հաղորդման մեջ մեկ րոպեից ավելի անվայելուչ արտահայտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։
Վրաստանի առաջին դեմքերը լրագրողի արարքը գնահատել են որպես «սադրիչ ակտ» եւ «ապակայունացման փորձ»։ Վրաստանի ԱԳՆ-ն «Ռուսթավի 2»-ի օգտագործած արտահայտություններն անվանել է սադրանք՝ «ուղղված առանց այդ էլ բարդ վրաց-ռուսական հարաբերությունների խորացմանը»։ «Ռուսթավի 2»-ի գլխավոր խմբագիր Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հանդիսատեսներից եւ խոստացել միջոցներ ձեռնարկել սկանդալային մենախոսության հեղինակի հանդեպ։