Ֆրանսիայում տեղացել է թենիսի գնդակի չափով կարկուտ
Թենիս խաղալու գնդակի չափ ունեցող կարկուտ է տեղացել ֆրանսիական Օվերն Ռոնա Ալպեր շրջանում անցած շաբաթ, որն ուղեկցվել է նաեւ կայծակով: Բնության այդ երեւույթի տեսագրությունը տարածվել էր կիրակի համացանցի օգտատերերի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բոլոր տեղական ԶԼՄ-ների կողմից ցուցադրված տեսանյութը նկարահանվել էր Լուարում: Բացի այդ, Keraunos օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ ռեկորդային օր էր գրանցված կայծակների քանակության առումով: Հուլիսի 6-ին ընդհանուր առմամբ գրանցվել է 73,7 հազար էլեկտրական պարպում Օվերն Ռոնա Ալպերում:
Շաբաթ Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել էր եղանակային վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ երկրի ավելի քան 20 դեպարտամենտներում: Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում: Ներկայումս Ֆրանսիայում կայծակներ չկան, չեղարկվել է տագնապի բարձր մակարդակը: