Իսպանիայում առաջին վազքի ժամանակ ցլերը երեք մարդ են պոզահարել
Իսպանական Պամպլոնում ամենամյա Սան Ֆերմին (էնսյերո) փառատոնի շրջանակներում առաջին վազքից հետո ցլերը երեք մարդ են պոզահարել, հաղորդում է BBC News-ը:
Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, տուժել են ԱՄՆ-ի երկու քաղաքացիներ՝ 23 եւ 46 տարեկան, եւ մեկ իսպանացի:
Եւս երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց գլխի վնասվածքներով: Ցլերի առաջին վազքից հետո հիվանդանոց է դիմել ընդհանուր առմամբ 48 մարդ:
Նշվում է, որ փառատոնի շրջանակներում էսյերո կանցկացվի ամեն առավոտ քաղաքի նեղ փողոցներում ընդհուպ մինչեւ հաջորդ կիրակի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տասնյակ ակտիվիստներ իրենց բողոքն էին հայտնել փառատոնի շրջանակներում ցլամարտեր անցկացնելու կապակցությամբ՝ մերկանալով մինչեւ ներքնազգեստ եւ պատկերելով զոհված կենդանիներին: