Ռուսաստանն ու Վրաստանը ժամանակավորապես դադարեցնում են ավիահաղորդակցությունը. կողմերը հաշվել են կորուստները
Այսօրվանից՝ հուլիսի 8-ից, ուժի մեջ է մտնում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումները ժամանակավոր դադարեցնելու որոշումը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ կիրակի վրացական Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են վերջին թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ:
«Այո, մենք կատարել ենք վերջին չվերթը դեպի Մոսկվայի Ժուկովսկի օդանավակայան: Այդ թռիչքից հետո մենք դադարեցրել ենք թռիչքները դեպի Ռուսաստան»,-ասել է MyWay Airlines-ի PR-մենեջեր Թամար Քոբուլաշվիլին: Վրաստանից Ռուսաստան վերջին թռիչքներն իրականացնել պատրաստվում են «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա» եւ «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունները:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գնահատել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման հետեւանքով ավիաընկերությունների կորուստները 3 մլրդ ռուբլիի չափով, կիրակի տեղեկացրել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:
«Այժմ կատարվում են հաշվարկներ: Ըստ խիստ նախնական գնահատման՝ կորուստները կազմում են շուրջ 3 մլրդ ռուբլի: Դրանում ներառված են ինչպես ուղղակի կորուստները, այնպես է բաց թողնված եկամուտները»,-ասել է նախարարը:
Իսկ «Կոմերսանտ» պարբերականին ավելի վաղ վրացական Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մարիամ Քվրավիշվիլին հայտնել էր, որ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցման հետեւանքով վնասը կկազմի շուրջ 2 մլրդ լարի (գրեթե 710 մլն դոլար), իսկ այդ երկրում հանգստացողների թիվը 2019 թվականին կկրճատվի 1 մլն մարդու հաշվարկով:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ից Թբիլիսիում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Դրանց պատճառը Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալն էր: Դա առաջացրել էր վրացական ընդդիմության բողոքը, որոնց ներկայացուցիչները թույլ չեին տվել ռուսական պատվիրակությանը շարունակել ելույթը: Տեղի ունեցածը զայրացրել էր հազարավոր քաղաքացիներին, որոնք հավանություն են տվել երկրի արեւմտամետ քաղաքականությանը:
Մեկնաբանելով հունիսի 20-ին կայացած առաջին ցույցի իրադարձությունները, երբ տուժել էր 240 մարդ եւ ավելի քան 300-ը բերման ենթարկվել, Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ երկրի ներքին անկայունությունը ձեռնտու է միայն Ռուսաստանին՝ անվանելով այդ երկիրը «թշնամի եւ օկուպանտ»: Անկարգությունների համար Զուրաբիշվիլին պատասխանատվությունը վերագրել էր երկրի ընդդիմությանը, որն, ըստ նրա, կառավարվում է Մոսկվայից: