Ֆրանկֆուրտում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբի պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկ
Կիրակի՝ հուլիսի 7-ին, Ֆրանկֆուրտում ընթացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասասերծման աշխատանքները, հաղորդում է DW-ը:
Քաղաքի արեւելյան մասում տարհանվել է շուրջ 16.5 հազար մարդ, այդ թվում՝ հիվանդանոցներից մեկի կոմայի մեջ գտնվող 25 հիվանդ: Հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, կենդանաբանական այգին փակ է:
Բնակիչները պետք է հեռանային իրենց տներից տեղական ժամանակով մինչեւ առավոտյան 8-ը: Այնուհետեւ իրավապահները սկսել էին ստուգել՝ չէր մնացել արդյոք ոչ ոք վնասազերծման գործողությունների շրջանում, այդ թվում՝ ուղղաթիռով՝ օգտագործելով ջերմային տեսախցիկ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից 50 կգ կշռող ռումբը հայտնաբերվել էր Եվրոպական կենտրոնական բանկի շենքի հարեւանությամբ կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում: Վնասազերծման գործողության կատարումը բարդեցնում էր այն, որ պայթուցիչները, որոնք պետք է դուրս բերվեին ռումբից հեռահար կառավարման միջոցով, բավականին ձեւափոխվել էին:
2017 թվականին Ֆրանկֆուրտի հյուսիսային հատվածում 1.8 տոննա կշռող ռումբը վնասազերծելու պատճառով տարհանվել էր 65 հազար մարդ: Դա Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենազանգվածային տարհանումն էր: