Թուրք-ադրբեջանական տանդեմը սկսել է Վրաստանի ակտիվ էքսպանսիան. ո՞ւր են նայում երկրի իշխանությունները
Թուրքական գործոնն էլ ավելի ակտիվանում է Ջավախեթիում: Այսօր թուրքական եւ ադրբեջանական ընկերություններն ակտիվորեն ներգրավված են տարածաշրջանում ճանապարհների կառուցման մեջ, բացի այդ, ձեռք են բերում հողատարածքներ Ջավախքում տարածաշրջանում թուրք-մեսխեթցիների վերադարձն ապահովելու համար:
Առաջիկայում պատրաստվում են վերադառնալ շուրջ 13 հազար մեսխեթցիներ Ադրբեջանից, ինչը պետք է մտահոգի ոչ միայն Ջավախքի հայերին, այլ վրացիներին եւս: Մի կողմից Թուրքիան եւ Ադրբեջանը բնակեցնում են տարածաշրջանը թուրքերով, մյուս կողմից անուղղակիորեն նախազգուշացնում են վրացական իշխանություններին, որ Ջավախեթին կարող է առանձնանալ Վրաստանից: Ստացվում է, որ թուրքերն ու ադրբեջանցիները տարածում են հակահայկական պրոպագանդա Վրաստանում եւ միաժամանակ առաջադրում պահանջներ Սամցխե-Ջավախեթիի նկատմամբ:
Թուրք-ադրբեջանական ժողովրդագրական էքսպանսիան հղի է Վրաստանի հարավում՝ Հայաստանի սահմանների երկայնքով թուրքական միջանցքի ստեղծմամբ, որը Ջավախքով կհասնի Աջարիային: Բացի այդ, Ջավախեթիում թուրք-մեսխեթցիների բնակեցման դեպքում տարածաշրջանում հայերի միգրացիայի ֆոնին Հայաստանի համար դեպի Սեւ ծով եւ Աջարիա ելքն ապահովող երկու կարեւորագույն զարկերակների նկատմամբ վերահսկողությունը կարող է անցնել թուրք-ադրբեջանական տանդեմին: Բաքուն ակտիվորեն աջակցում է Վրաստանում ադրբեջանական համայնքին՝ համարելով այն լուրջ ժողովրդագրական լծակ երկրի հայ համայնքին հակակշիռ ապահովելու համար: Բաքվի համար ադրբեջանական համայնքը նաեւ ազդեցության կարեւոր գործոն է Հայաստանի սահմանների երկայնքով ռազմական գործողությունների դեպքում:
Ադրբեջանում եւ Թուրքիայում ստեղծվում են հիմնադրամներ, որոնք կոչված են կազմակերպել Սամցխե-Ջավախեթիում հայաբնակ սահմանամերձ շրջաններում թուրքերի զանգվածային տեղափոխումն ու բնակեցումը: Բաքվի մամուլը գրում է, որ Ջավախեթիում թուրքերի բնակեցումը կարեւոր նշանակություն ունի Ադրբեջանի համար, քանի որ թույլ է տալիս թուլացնել հայկական գործոնն այդ ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջանում, եւ ամրապնդելով թուրքերի եւ ադրբեջանցիների դիրքերը՝ կստեղծի թուրքական շրջան՝ Վրաստանը Հայաստանից եւ Իրանից առանձնացնող:
Վրաստանի հայաբնակ Ջավախեթի շրջանը գտնվում է ադրբեջանացման սպառնալիքի ներքո: Բաքվի աջակցությամբ Քվեմո Քարթլին (ադրբեջանցիներով բնակեցված շրջան Վրաստանի հարավում, որտեղ էթնիկ ադրբեջանցիների թիվը տարբեր տվյալներով հասնում է 300 հազարի-խմբ.) բնակեցրած ադրբեջանցիներն աստիճանաբար ներխուժում են Ջավախեթի: Ջավախեթիի որոշ շրջաններում ընթանում է հիդրոէլեկտրակայանների կառուցումը, որոնք իրականում Թուրքիայի տնտեսական նախագծերն են: Բացի այդ, Վրաստանի ղեկավարությունը, համաձայն Եվրախորհրդում ստանձնած պարտավորությունների, բնակեցնում է Ջավախեթին թուրք-մեսխեթցիներով: Հաշվի առնելով բոլոր վերոնշյալ փաստերը՝ կարելի է համարձակորեն պնդել, որ դա քրիստոնեական Վրաստանի «ադրբեջանացման» միայն սկիզբն է:
Րաֆֆի Սամվելյան