Կալիֆոռնիայում ակնկալվում են հարյուրավոր հետցնցումներ երկու հզոր երկրաշարժերից հետո. հայտարարվել է արտակարգ դրություն
Հարավային Կալիֆոռնիայի բնակիչները պատրաստվում են հարյուրավոր հետցնցումների վերջին 20 տարվա ընթացքում ամենաուժգին երկրաշարժերից հետո, որոնք զգալի վնաս են հասցրել ջրագծերին, գազատար խողովակներին եւ ենթակառուցվածքներին, հաղորդում է Fox News-ը:
Սեյսմոլոգները նախազգուշացնում են, որ նահանգում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ վերջին երկրաշարժից հետո առաջիկա օրերին կամ շաբաթներին սպասվում են բավականին ուժեղ հետցնցումներ:
Այդ կապակցությամբ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը խնդրել է դաշնային օգնություն: Նա նաեւ ստուգումներ է անցկացրել երկրաշարժի էպիկենտրոնի շրջանում՝ Ռիջքրաֆթում վնասվածքներ հայտնաբերելու նպատակով: Բացի այդ, նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ընթացքում երկրի ղեկավարը խոստացել է աջակցել վնասված շրջանները վերականգնելու աշխատանքների ժամանակ:
Նշվում է, որ ցնցումները հասել են մինչեւ Լաս Վեգաս եւ անգամ Մեխիկո: Սակայն, բարեբախտաբար, զոհեր չկան: