41 փրկված միգրանտներով նավը հանգրվանել է Իտալիայում՝ չնայած արգելքին
41 փրկված միգրանտով խումբը մուտք է գործել Իտալիայի նավահանգիստ մեկ օր անց, երբ կապիտանին արգելել են հանգրվանել երկրի տարածքում, հաղորդում է BBC News-ը:
Չնայած բոլոր զգուշացումներին՝ «Ալեքս» նավը հանգրվանել է իտալական նավահանգստում նավի վրա «հիգիենայի անտանելի պայմանների պատճառով»:
Ափային անվտանգության աշխատակիցների հսկողության ներքո միգրանտները դուրս են եկել նավից մի քանի ժամ սպասելուց հետո:
Ավելի վաղ Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին խոստացել էր թույլ չտալ միգրանտներին մուտք գործել երկրի տարածք:
«Ես տեսել եմ, որ այսօր Գերմանիայի կառավարությունը նամակ էր ուղարկել ինձ՝ խնդրելով կրկին բացել նավահանգիստներն ու թույլ տալ միգրանտներին մուտք գործել երկիր: Ոչ, ոչ եւ ոչ: Միանշանակ ոչ»,-ավելի վաղ հայտարարել էր նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում: