Լոնդոնը կհատկացնի միլիոնավոր եվրոներ Արևելյան Եվրոպայում ապատեղեկատվության դեմ պայքարի համար
Մեծ Բրիտանիան կհատկացնի 18 մլն ֆունտ ստերլինգ (շուրջ 20 մլն եվրո) Արեւելյան Եվրոպայում ապատեղեկատվություն եւ կեղծ լուրեր տարածելու դեմ պայքարի, ինչպես նաեւ Արեւմտյան Բալկանների պետություններում անկախ ԶԼՄ-ներին ամրապնդելու համար: Այդ մասին կիրակի՝ հուլիսի 7-ին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը, հաղորդում է DW-ը:
Այդ միջոցները կփոխանցվեն երեք տարիների ընթացքում Կոնֆլիկտների կանխարգելման, կայունությանն ու անվտանգությանը նպաստող հիմնադրամին (Conflict, Stability and Security Fund, CSSF), հավելել է դիվանագետը:
Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում անկախ ԶԼՄ-ներին աջակցելու համար ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել 100 մլն ֆունտ ստերլինգ 5 տարիների ընթացքում, նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հղում անելով Freedom House հասարակական կազմակերպության տվյալներին՝ Հանթը նշել է, որ աշխարհում բնակչության միայն 10 տոկոսին են այսօր հասանելի անկախ ԶԼՄ-ները: «Միեւնույն ժամանակ ապատեղեկատվությունն ու «ֆեյք նյուզը» խաթարում են մի շարք երկրներում հասարակության կայունությունը»,-հավելել է դիվանագետը: «Ներդրումը, որի մասին մենք այսօր հայտնել ենք, կօգտագործվի լրագրողներին աջակցելու համար, որոնք աշխատում են այն երկրներում, որտեղ առավելագույնս տարածված են ռեպրեսիաները»,-ընդգծել է Հանթը:
Հուլիսի 2-ին Բրիտանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Թարիք Ահմադը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է հատկացնել 9 մլն ֆունտ ստերլինգ Ուկրաինայում անկախ ԶԼՄ-ներին աջակցելու համար: