Հունաստանում ընթանում են խորհրդարանի արտահերթ ընտրությունները
Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը եւ կաշխատեն մինչեւ 19:00-ն, որից հետո սպասվում են առաջին էքսիթ-փոլերի արդյունքները: Այնուհետեւ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները կհաղորդվեն Հունաստանի ՆԳՆ-ի կողմից, որը կհավաքագրի դրանք լիազորված Singular Logic ընկերության օգնությամբ:
Քվեարկությանը կարող են մասնակցել երկրի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն ընտրելու իրավունք եւ բոլորել են 17-ամյակը: Ըստ օրենքի՝ քվեարկությանը մասնակցելը պարտադիր է՝ չնայած ընտրատեղամասեր չայցելած քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Օրենսդրությունը պարտադիր քվեարկությունից ազատում է 70 տարին բոլորած հույներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր քվեարկության օրը կգտնվեն արտերկրում: Ընդ որում՝ ընտրատեղամասերից հեռու բնակվող ընտրողների համար, որոնք պետք է առանձին տրանսպորտով հասնեն դեպի տեղամասեր, օրինակ, կղզիներից, նախատեսված է եռօրյա արձակուրդ:
ՆԳՆ-ը ստեղծել է հատուկ կայք «Իմացի′ր որտեղ քվեարկել» անունով, որը նախատեսված է, մասնավորապես, այն քաղաքացիների համար, որոնք առաջին անգամ են գալու ընտրատեղամաս, գործում է նաեւ հատուկ հեռախոսակապ:
Մայիսի 26-ին կայացած Եվրոպական խորհրդարանի ընտրություններին Կիրիակոս Միցոտաքիսի գլխավորությամբ հիմնական ընդդիմական աջամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը հաղթել էր վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Արմատական ձախ ուժերի կոալիցիա» իշխող կուսակցությանը 9.35 տոկոս ձայների տարբերությամբ: ՏԻՄ-երի ընտրություններին ՆԴ-ի ներկայացուցիչները պատմության մեջ առաջին անգամ ստանձնել էին երկրի 13-ից 12 շրջանների ղեկավարությունը, ինչպես նաեւ քաղաքապետարանների մեծամասնության իշխանությունը: Այնուհետեւ Ցիպրասն իր բարոյական պարտքն էր համարել հուլիսի 7-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է իրականում տեղի ունենային հոկտեմբերին, երբ ավարտին կմոտենար նրա կառավարության քառամյա մանդատը:
Ներկայիս ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրեն մասնակից 20 քաղաքական կուսակցություններից եւ դաշինքներից պատգամավորների, սակայն հիմնական պայքարը ծավալվում է Ցիպրասի կուսակցության եւ Նոր դեմոկրատիայի միջեւ: Սոցիոլոգների գնահատմամբ՝ ՆԴ-ն կստանա 300 տեղ ունեցող հունական խորհրդարանում 151-165 մանդատ, իսկ Ցիպրասի կուսակցությունը՝ ՍԻՐԻԶԱ-ն՝ 70-82 մանդատ՝ դառնալով ընդդիմություն: