Թրամփը մեղքը գցեց Օբամայի վրա. Ս-400-ի գործարքը ռազմավարական ազդեցություն կունենա ռեգիոնի վրա
Ռուսական արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) վաճառքի հարցը վերջին 2-3 տարիներին եղել է թուրք-ռուսական և թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հիմնական հարցերից մեկը։ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների պարագայում ռազմավարական նշանակության այս զինատեսակը մերձեցման գործոն է, իսկ թուրք-ամերիկյան հարաբերությունների պարագայում, ընդհակառակը, երկու երկրների դաշինքի խարխլման, հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկը։
Իհարկե, ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառները շատ ավելի խորն են. դրանց խորքում ռեգիոնալ և աշխարհաքաղաքական բարդ պրոցեսներն են։ Վերջին հարյուրամյակում աշխարհաքաղաքական երկու բևեռների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մշտապես բալանս փնտրող Թուրքիան այս պրոցեսներում, բնականաբար, իր շահերն է հետապնդում՝ մեկի հետ հարաբերությունները օգտագործելով մյուսի դեմ և հակառակը։ Անշուշտ, թուրք-ռուսական հարաբերությունների խորացումը, որն ուղեկցվում ու ամրապնդվում է նաև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմամբ, մեղմ ասած՝ խանդավառություն չի առաջացնում եվրատլանտյան դաշնակից պետությունների մայրաքաղաքներում, հատկապես Վաշինգտոնում։ Եվ Ս-400-ի գործարքն այս համատեքստում առանցքային նշանակություն ունի։
Թրամփը մտահոգություն է հայտնել
Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները հանդիպել են նախորդ շաբաթվա վերջին Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացված Մեծ քսանյակի՝ G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով նաև Ս-400-ի խնդրին։ Դատելով ԱՄՆ նախագահ Թրամփի հետագա մեկնաբանություններից՝ կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմը, դժգոհ լինելով իր դաշնակցի ու ախոյանի մերձեցումից, մյուս կողմից, կարծես, ըմբռնումով է մոտենում Ս-400-ի շուրջ ռուս-թուրքական գործարքին։ Իսկ գործարքն, ի դեպ, ինչպես Էրդողանն էր շաբաթներ առաջ հայտարարել՝ ավարտված է, և Թուրքիան ակնկալում է, որ ռուսական ԶՀՀ-ները Թուրքիայի տարածք կմտնեն ս. թ. հուլիսին։ Օսակայի հանդիպումից առաջ նախագահ Թրամփն ասել էր, որ Ս-400-ի գնումը Թուրքիայի կողմից խնդիր է, սակայն կողմերը փորձում են լուծում տալ դրան։ Իսկ Էրդողանի հետ հանդիպմանը ամերիկյան առաջնորդը մտահոգություն է հայտնել Ս-400-ի գործարքի կապակցությամբ և հորդորել է Թուրքիայի ղեկավարին պաշտպանական ոլորտում համագործակցել ԱՄՆ-ի հետ, ինչն ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի դաշինքը։
«Մեղավորը» Օբաման էր. հիմա արդեն շատ ուշ է
Խնդրի էությունն ու քաղաքական նշանակությունը հասկանալու համար պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք, որը կտա այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է Թուրքիան համառորեն ուզում ձեռք բերել ռուսական Ս-400-ի համալիրները և, կոպիտ ասած՝ թուրքերի ինչի՞ն է այն պետք։ Որովհետև դեռ երկու տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան ու Ռուսաստանը համաձայնության են հասել Ս-400-ի վաճառքի շուրջ, ռազմական որոշ փորձագետներ ասում էին, թե Ս-400-ներն ընդհանրապես պետք չեն Թուրքիային։ Այն ժամանակ ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Էրդողանին և Ս-400-ների վաճառքի հարցին, ասաց, թե «անհասկանալի է՝ ինչու է այդ ապուշն ուզում դրանք գնել»։
Իրականում, ինչպես մեր թուրքագետներն են ասում, Թուրքիան վաղուց ուզում է անկախ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ ունենալ, ինչն իր ՆԱՏՕ-ական դաշնակիցները չեն ողջունում։ Թուրքիան փորձել է «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերել Միացյալ Նահանգներից, սակայն, ինչպես Թրամփը Էրդողանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին ասաց, ԱՄՆ-ի նախորդ նախագահը՝ Բարաք Օբաման մերժել է Էրդողանին։
«Օբամայի կառավարությունը անարդարություն է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ»,- ասել է Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին ասել է, որ ինքը Թուրքիայի նախագահին հորդորել է հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համալիրների գնումից, բայց Էրդողանն ասել է, որ հիմա արդեն շատ ուշ է, որովհետև Թուրքիան մեծ գումարներ է ծախսել այդ գործարքի վրա։
Ամերիկյան պատժամիջոցներ կսահմանվե՞ն Թուրքիայի նկատմամբ
Էրդողանն էլ հայտարարել է, թե Թրամփն իրեն ասել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի նկատմամբ Ս-400-ի գործարքի պատճառով։ Ու թեև ամերիկացի պաշտոնյաները դեռ ամիսներ առաջ զգուշացրել էին Թուրքիայի ղեկավարությանը, որ Ռուսաստանից Ս-400 գնելու դեպքում Թուրքիային չի թույլատրվի ձեռք բերել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ, քանի որ Միացյալ Նահանգները կարծում է, որ F-35 ինքնաթիռներն անհամատեղելի են ռուսական համակարգի հետ, այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ս-400 գործարքը չի խանգարի Վաշինգտոնից F-35 կործանիչներ ստանալուն։
Թուրքիան կանգնած է պատժամիջոցների վտանգի առաջ
Օսակայի հանդիպումից և Թրամփի վերոնշյալ հայտարարություններից հետո միջազգային մամուլի որոշ ներկայացուցիչներ եզրակացրին, որ թուրք-ամերիկյան «դիվանագիտական պատերազմը» կարելի է ավարտված համարել։ Սակայն կան ամերիկացի վերլուծաբաններ, որոնք համաձայն չեն այս գնահատականի հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը։
Նախագահ Թրամփը, Հերբսթի խոսքերով, իր տեսակետն ունի և նախագահ ընտրվելուց ի վեր այն, բնականաբար, չի անտեսվում, բայց երբեմն իր տեսակետները չեն համընկնում ամերիկյան արտաքին քաղաքականության մոտեցումներին։
«Կարծում եմ՝ ամերիկյան օրենսդրության մեջ կան համապատասխան դրույթներ, որոնք անհնարին են դարձնում Թուրքիայի հետ որոշակի հարաբերություններ պահպանելը, եթե Թուրքիան ձեռք բերի ռուսական այդ հրթիռները։ Ուստի, գուցե Թրամփը նման բան է ասել Էրդողանին, բայց ես կարծում եմ, որ Թուրքիան առաջվա պես կանգնած է պատժամիջոցների վտանգի առաջ։
Ս-400-ի գործարքի հնարավոր հետևանքները
Նախագահ Թրամփի գործելաոճը, իհարկե, պարզ է և հասկանալի. ինչպես ներքին ու արտաքին քաղաքականության շատ խնդիրների պարագայում, այնպես էլ այս դեպքում նա մեղքը կրկին բարդեց իր երկրի նախկին ղեկավարի՝ Օբամայի վրա, որի վարչակազմի քաղաքականությունը քննադատելու առիթը, իհարկե, թե՛ մինչև նախագահ դառնալը, թե՛ ընտրվելուց հետո երբեք բաց չի թողել։ Բայց նա չպատասխանեց այն կարևոր հարցին, թե իր կառավարությունը կմատակարարե՞ր արդյոք թուրք դաշնակիցներին «Patriot» համակարգեր, եթե Թուրքիան Ս-400 գնած չլիներ ռուսներից։ Փոխարենը ավելի հեշտ է մեղքը գցել Օբամայի վրա և ասել, որ հիմա արդեն չափից ավելի ուշ է Ս-400-ներից հրաժարվելու համար։
Վաշինգտոնյան հեղինակավոր կենտրոնի վերլուծաբանը կրկնում է՝ Թրամփը կարող է իր տեսակետն ունենալ, նրա հռետորաբանությունը հաճախ կարող է նմանվել Էրդողանի, Պուտինի բառապաշարին, բայց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, ելնելով այս երկրի կառավարման համակարգի առանձնահատկություններից, չի սահմանափակվում միայն նախագահի տեսակետներով ու մոտեցումներով։
Հերբսթը համամիտ է, որ խնդիրը մասամբ այն է, որ «անհնազանդ» Թուրքիան անընդհատ փորձում է խուսանավել, ձգտում է դիվերսիֆիկացնել իր անվտանգության համակարգը, և սա մասամբ բացատրում է այն, ինչ տեղի ունեցավ ռուս-թուրք-ամերիկյան եռանկյունու սահմաններում, բայց իրավիճակն այնպիսին է, որ եթե Թուրքիան ստանա ռուսական հրթիռները՝ կառերեսվի շատ լուրջ խնդիրների, որոնք կարող են լինել պատժամիջոցների տեսքով։
Հերբսթը կանխատեսում է, որ «գուցե Թրամփն Էրդողանին ասի՝ «լավ, ստիպված կլինես գործ ունենալ պատժամիջոցների հետ, բայց ես ավելին չեմ կարող անել», Իսկ Էրդողանը պատասխանի, որ «Միացյալ Նահանգները կարևոր դաշնակից է մեզ համար, ուստի ես ընդունում եմ պատժամիջոցներն ու անցնում առաջ»։ Գուցե այս պատմությունն այսպես ավարտվի»։
Ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որ ռազմական այս հարցերը թուրք-ռուսական և թուրք-ամերիկյան հարաբերությունների տիրույթում ռազմավարական ազդեցություն ունենան ընդհանուր տարածաշրջանի վրա։ Ատլանտյան խորհրդի Եվրասիայի բաժնի ղեկավարը համոզված է, որ հետևանքներ լինելու են։
«Եթե Թուրքիան ունենա այդ հրթիռներից, ապա առաջինը՝ դա առավելություն է Ռուսաստանի համար, և երկրորդը՝ դա թուրքերին կտա ռազմական այն կարողությունները, որոնք նրանք չունեին նախկինում։ Այնպես որ, թուրք-ռուսական այս գործարքի կարևորության առնվազն երկու հստակ նախանշան կա»,- նշեց Հերբսթը։
1in.am