«Երկուսին էլ լամպասային կտրվածքներ դրեցինք». Արարատում ողբերգական վթարից հետո երկու կանանց վիրահատել են
Արարատի մարզում այսօր՝ հուլիսի 6-ին ողբերգական վթարից հետո Այրվածքաբանական կենտրոն տեղափոխված 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանին եւ Ռուզաննա Հակոբյանին վիրահատել են:
«Երկուսին էլ լամպասային կտրվածքներ դրեցինք: Դա պետք է որ կոմպրեսիան թեթեւացնենք այրվածքների մակերեսից: Երկուսի վիրահատությունն էլ հաջող է անցել: Վիրահատությունը շնչելու եւ վերջույթները փրկելու նպատակով է արվել»,-ասաց նա:
Բժշկի խոսքով, հիմա արդեն դեղորայքային բուժումներ պետք է արվեն. «Ռուզաննան կոտրվածք ունի, վերին վերջույթի նախաբազկային շրջանի ոսկրային գլխիկները ջարդվել են: Ծաղիկի վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառական սարքին: Շնչառական ուղիների այրվածքը բոլոր դեպքերում վտանգավոր է, դրա համար վերակենդանացման բաժանմունքում են, որ եթե այտուցներ սկսվի կարողանանք համապատասխան բուժումներ անել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ: