ԱՄՆ-ում դպրոցների ուսուցիչներին սովորեցնում են կրակել և հակադարձել արտակարգ իրավիճակների դեպքում
Յուտան ամերիկյան նահանգներից մեկն է, որտեղ ուսուցիչներին թույլատրվում է զենք կրել դպրոցում, տեղեկացնում է Associated Press-ը։
Որոշ այլ նահանգներ, օրինակ՝ Ֆլորիդան և Տեխասը, հատուկ ծրագրեր ունեն, որոնք թույլ են տալիս կոնկրետ ուսուցիչների դպրոց գնալ զինված։
Համաձայն Յուտայի օկրուգի շերիֆ Մայք Սմիթի հայտարարության՝ դպրոցներում զենք կրելու տարածումն ավելի անհրաժեշտ է դարձնում հրաձգության մարզումների անցկացումը։
«Եթե ուսուցիչները պատրաստվում են դպրոց բերել իրենց զենքը, եկեք համոզվենք, որ նրանք գիտեն ինչպես անվտանգ օգտագործել այն»,- ասել է շերիֆը։
Ներկայում ոստիկանության ղեկավարությամբ կրակել սովորում են ավելի քան 30 ուսուցիչներ։
Ուսուցման մեջ են մտնում հանցագործներին զինաթափելը, զենքից օգտվելու հրահանգները, ինչպես նաև այն, թե մարմնի որ մասերին կարելի է կրակել, ինքնապաշտպանության հնարքները, բուժօգնության տրամադրումը և այլն։