Թուրքիայում վճռաբեկը բեկանել է Ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորականների ցմահ պատժաչափը
Թուրքիայի վճռաբեկ դատարանը բեկանել է Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազլը Ըլըջաքի համար առաջին ատյանի դատարանի որոշած ցմահ պատժաչափը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, վճռաբեկ դատարանը բեկանման որոշման մեջ նշել է, որ Ահմեդ Ալթանը և Նազլը Ըլըջաքը ոչ թե Սահմանադրական կարգն են խախտել, այլ գիտակցաբար օգնել են գյուլլենականներին։ Դատարանը, բեկանելով Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազկը Ըլըջաքի համար դատարանի սահմանած ցմահ պատժաչափը, որոշել է ազատ արձակել Մեհմեդ Ալթանին, սակայն կալանքի տակ պահել Ահմեդ Ալթանին և Նազլը Ըլըջաքին։
Նշենք, որ թուրք մտավորականներ Մեհմեդ Ալթանը և Ահմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտնի գործիչներից են և մշտապես կոչ են արել իշխանություններին ճանաչել այն։
Նրանք ձերբակալվել էին հեղաշրջման փորձից հետո՝ մեղադրվելով սահմանադրական կարգի տապալման եւ գյուլենականներին օգնելու մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։