Թուրքիայի դիրքորոշումը Չինաստանի հետ առեւտրային պատերազմում անհեթեթություն է. Բայդեն
Նախագահ Դոնալդ Թրամփի պատկերացումները, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը կարող է օգուտ բերել երկրներից մեկին, անհեթեթ է: Այդ կարծիքն արտահայտել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը CNN հեռուստաընկերության տարածած հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միտքը, որ առեւտրային հակամարտությունն ինչ-որ իմաստ ունի կամ օգտակար է ինչ-որ մեկին, անհեթեթ է»,-հայտարարել է Բայդենը, որը հավակնում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելուն: Նրա գնահատմամբ՝ այդպիսի հակամարտության հետեւանքները կարող են կործանիչ լինել ամերիկացի ֆերմերների եւ ձեռնարկատերերի համար:
Նախկին փոխնախագահը հիշեցրել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը Չինաստանի նկատմամբ բացահայտ կերպով գործում էր ուժի տեսանկյունից, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռների համար փակ գոտիների ստեղծման հարցում: «Այն ժամանակ ես ասել եմ, որ մեր Բ-52 ռազմավարական ռմբակոծիչները թռնելու են թռիչքների համար արգելված գոտիների միջով: Մենք [ԱՄՆ] խաղաղօվկիանոսյան գերտերություն ենք եւ այլ տեղ չենք գնա, հենց դրա արդյունքում է տարածաշրջանում ապահովվում անվտանգությունը: Եւ նրանք [չինացիները] հասկացել են դա»,-ընդգծել է Բայդենը:
Նրա կարծիքով Թրամփի վարչակազմին չի հաջողվում լուծել խնդիրները, որոնք ստեղծում է Չինաստանը Միացյալ Նահանգների համար: «Չինացիները գողանում են մտավոր սեփականության եւ կիբերանվտանգության կատեգորիայի գաղտնիքները: Թրամփը կարծում է, որ ամբողջ հարցը առեւտրային դեֆիցիտների եւ պրոֆիցիտների մեջ է: Սակայն դա այդպես չէ»,-պնդում է նա:
Առեւտրային բանակցությունները վերականգնելու որոշումը կայացվել էր հունիսի 28-29-ին Օսակայում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինի կողմից: Ամերիկայի առաջնորդը խոստացել էր չսահմանել նոր սակագներ չինական ապրանքների համար 300 մլրդ դոլար արժողությամբ, ինչպես նաեւ մեղմացնել Huawei ընկերության գործունեության սահմանափակումները: Ի պատասխան՝ չինական կողմը պատրաստակամություն էր հայտնել մեծացնել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնումների ծավալները:
Մի քանի ամիսների ընթացքում Չինաստանն ու ԱՄՆ-ը բանակցում էին առեւտրային վեճերը կարգավորելու շուրջ: վերջին (11-րդ) փուլը կայացել էր Ամերիկայի մայրաքաղաքում մայիսի առաջին կեսին, սակայն այնուհետեւ նրանք հայտնվել էին փակուղու մեջ: Մայիսի 10-ին Վաշինգտոնը սահմանել էր լրացուցիչ պատժամիջոցներ չինական ապրանքների համար 200 մլրդ դոլար արժողությամբ՝ բարձրացնելով շեմը 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս: Հունիսի սկզբին ՉԺՀ-ի կառավարությունը ձեռնարկել էր պատասխան միջոցներ 60 մլրդ դոլարի չափով ԱՄՆ-ի ավելի քան 5 հազար ապրանքատեսակների նկատմամբ: