ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը զգալի առաջընթացի չեն հասել ՓՄՀՀՊ-ն փրկելու գործում. Սթոլտենբերգ
ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը չհասան զգալի առաջընթացի Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի փրկության գործում։ Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը բանակցությունների արդյունքներով, Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակում։
«Մենք որեւէ բեկման նշաններ չտեսանք։ Իսկ ժամանակն անցնում է»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ այսօր դաշնակիցները նորից կոչ են արել Ռուսաստանին վերադառնալ ՓՄՀՀՊ լիակատար եւ վերահսկելի կատարմանը։ Ռուսաստանը մտահոգություն է հայտնել պայմանագրի իրագործման հետ կապված, նշել է նա։
«Բոլոր մասնակիցները հավատարմություն են հայտնել սպառազինությունների արդյունավետ վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը։ Բայց մենք պետք է պատրաստվենք առանց ՓՄՀՀՊ աշխարհի, որը կլինի պակաս կայուն բոլորիս համար»,- ասաց նա։
Սթոլտենբերգը տեղեկացրել է, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել են կարեւոր թեմաներ, որոնք ազդում են եվրատլանտյան անվտանգութան վրա։ «Մեր բանավեճն անկեղծ էր, բայց անհրաժեշտ։ Դաշնակիցները եւ Ռուսաստանը տարբեր տեսակետներ ունեն։ Բայց մենք լի ենք վճռականությամբ՝ շարունակելու մեր երկխոսությունը։ Առանց երկխոսության մենք չեն կարողանա լուծել մեր տարաձայնությունները»։