ԱՄՆ-ը և թալիբները փորձում են ավարտին հասցնել համաձայնագրի նախագիծը
ԱՄՆ և թալիբների ներկայացուցիչները ջանք չեն խնայում ավարտելու համաձայնագրի նախագծի պատրաստումը, որում ներկայացվելու է ամերիկյան և ՆԱՏՕ զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, ինչպես նաև թալիբների՝ ահաբեկչության դեմ պայքարի երաշխիքները հուլիսի 7-ին սպասվող համաֆղանական խաղաղ կոնֆերանսին ընդառաջ, տեղեկացնում է AP-ը։
Բանակցություններին ծանոթ պաշտոնյաները տեղեկացրել են, որ բանակցությունները շարունակվել են մինչև չորեքշաբթի ուշ գիշեր և հինգշաբթի մինչև առավոտ 06.00-ն թալիբների եւ ԱՄՆ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադի միջև։ Դրանք պետք է շարունակվեին ուրբաթ։
Մինչև հիմա երկու կողմերը չեն կարողացել պայմանավորվել զորքերի դուրսբերման ժամանակացույցի վերաբերյալ։
Թալիբների պաշտոնական ներկայացուցիչները, որոնք խոսել են անանունությունը պահպանելու պայմանով, մինչ այդ հայտարարում էին, որ ԱՄՆ-ը ջանում է ավարտել զորքերի դուրսբերումը 18 ամսվա ընթացքում, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին ասել է, որ դուրսբերումն արդեն սկսվել է։ Նախագահի հայտարարությունը հակասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի ասածին, որը հայտարարել էր, որ զորքերի թվաքանակը չի փոխվել և կազմում է մոտ 14 հազար մարդ։ Ամերիկացի պաշտոնյան, որը ծանոթ է բանակցություններին, վիճարկել է նաև զորքերի դուրսբերման 18-ամսյա ժամկետը։