Վաշինգտոնում 2 մարդու են կալանավորել, որոնք Սպիտակ տան մոտ այրել են ԱՄՆ դրոշը
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները կալանավորել են 2 մարդու, որոնք ամերիկյան դրոշն այրել էին Սպիտակ տան մոտ՝ Անկախության օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ, հայտնում է The Hill-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ իրավախախտներից մեկը եւ 2 ոստիկան բժշկական օգնության կարիք են ունեցել, բայց ստացած վնասվածքները վտանգավոր չէին:
Ամերիկյան գաղտնի ծառայության ներկայացուցիչները The Hill-ին հայտնել են, որ մի մարդ կալանավորվել է ոստիկանի վրա հարձակվելու եւ դիտավորյալ հրկիզման, երկրորդը՝ «ոստիկանի աշխատանքին խոչընդոտելու եւ կալանավորելիս դիմադրություն ցույց տալու պատճառով»:
Washington Examiner-ի թղթակից Սթիվեն Նելսոնը իր թվիթերյան էջում դրոշի այրման հոլովակ է հրապարակել: Նա նաեւ հայտնել է, որ վետերան ներկայացած տղամարդը այրվող դրոշը վերցրել է: