Ամերիկացիների գրեթե կեսը կողմ է Թրամփի իմփիչմենթին. Gallup
Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին են վկայում չորեքշաբթի հրապարակված հետազոտության տվյալները, որն անցկացրել է Gallup սոցիոլոգիական ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մասնագետները նշում են, որ հարցվողների 45 տոկոսը պաշտպանում է ԱՄՆ Կոնգրեսի շատ դեմոկրատների առաջարկը՝ իմփիչմենթ հայտարարել նախագահին։ Ընդ որում՝ հարցվածների 53 տոկոսը կարծում է, որ Թրամփին պետք է հեռացնել այդ պաշտոնից։
Հարցման արդյունքներում նկատվում է կտրուկ տարբերություն կուսակցական հատկանիշով։ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 7 տոկոսը եւ Դեմոկրատական կուսակցության 81 տոկոսը կարծում են, որ ամերիկյան առաջնորդին պետք է իմփիչմենթ հայտարարել։
Ինչպես նշում է Gallup-ը, չնայած բնակչության մեծ մասը դեմ է դրան, Թրամփի իմփիչմենթի կողմնակիցների թիվն ավելի բարձր է, քան երկրի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի ցուցանիշը Մոնիկա Լեւինսկու հետ ամուսնական դավաճանության ֆոնին, եւ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնինը՝ Ուոթերգեյթի սկանդալի հետ կապված։ Ընդ որում՝ հետազոտողները տեղեկացրել են, որ Սպիտակ տան ներկայիս տիրոջ հանդեպ բարեհաճ է երկրի բնակչության ընդամենը 41 տոկոսը։
Հարցմանը, որն իրականացվել է հունիսի 19-30-ին, մասնակցել է 1018 չափահաս ամերիկացի։
Ավելի վաղ Հանրապետական կուսակցության առաջնորդները քանիցս հայտարարել էին, որ թույլ չեն տա իմփիչմենթ հայտարարել Թրամփին։