ԱՄՆ-ում դատարանը Թրամփին թույլ չի տվել կառուցել Մեքսիկայի սահմանին պատը
Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա նահանգ) ԱՄՆ 9-րդ շրջանի վերաքննիչ դատարանը չորեքշաբթի որոշել է ուժի մեջ թողնել ավելի վաղ ընդունված որոշումները, որոնցով խոչընդոտվում է Պենտագոնի բյուջեից միջոցների հատկացումը Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար: Վճիռը հրապարակվել է դատարանի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությունը, որը փորձել էր վիճարկել Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային շրջանի դաշնային դատարանի որոշումները, որոնք ընդունվել էին մայիսին եւ հունիսին: Դրանցում նշվում էր, որ ԱՄՆ վարչակազմը չի կարող առանց ԱՄՆ Կոնգրեսի համաձայնության ամերիկյան պաշտպանական գերատեսչության բյուջեի միջոցները Մեքսիկայի սահմանին խոչընդոտի կառուցմանն ուղղել: Այսպիսով, դաշնային դատարանը բավարարել է մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների եւ ամերիկյան մի շարք նահանգների հայցերը, որտեղ նահանգապետները դեմոկրատներ են:
Վերաքննիչ դատարանի վճռում նաեւ ընդգծվում է, որ այդ միջոցների հատկացմանն առնչվող որոշումները պետք ընդունեն ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրները: ԱՄՆ նախագահը փորձում էր հասնել Պենտագոնի միջոցներից այդ նպատակի համար մոտ 2,5 մլրդ դոլարի հատկացմանը: