Թուրքագետի անդրադարձը Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի «Մագիլ» օպերացիային
Առ այսօր շարունակվում են Թուրքիայի օդուժի կողմից հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունները: Դրանց մասին պարբերաբար տարածվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները:
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ` «Մագիլ» օպերացիայի նպատակն է ոչնչացնել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հյուսիսիրաքյան հենակետերը:
Այս ընթացքում գործի են դրվել Թուրքիայի բանակի հատուկ նշանակության ուժեր, ինքնաթիռներ, հաուբիցներ և սեփական արտադրության «ATAK» տեսակի հարձակողական ռազմական ուղղաթիռներ։ Առաջին անգամ այս օպերացիայում թուրքական զինուժը կիրառել է տեղական արտադրության «Bora» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը:
Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում hյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժի հարվածներից սպանվել է 60 քուրդ զինյալ, իսկ Քանդիլի, Ավաշինի, Զափ, Բասյանի և Մեթինայի շրջաններում 54 զինյալ:
Հաքուրք, Ավաշին և մյուս շրջանները գտնվում են PKK-ի գլխավոր հենակետի՝ Քանդիլի արևմտյան հատվածում:
Նկատենք, որ 1992թ. ի վեր Թուրքիան պարբերաբար ռազմական օպերացիաներ է իրականացնում Իրաքի հյուսիսի տարբեր շրջաններում: «Մագիլ» ռազմական գործողությունից առաջ Թուրքիան վերոհիշյալ շրջաններում վերջին ռազմգործողություններն իրականացրել էր 2018թ. հունիսին` նախագահական ընտրություններից առաջ:
Հատկանշական է, որ ինչպես անցյալ տարի հունիսին Թուրքիայի զինուժի կողմից իրականացված գործողությունները, այնպես էլ սույն տարի մեկնարկած «Մագիլ» ռազմական օպերացիան համընկնում էին նախընտրական շրջանների հետ և հիմնական նպատակը իշխող ուժի կողմից լրացուցիչ քվեների կորզելն էր:
Պատահական չէ, որ Թուրքիայում գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ), որը դեռևս մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կազմել էր «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքը, սատարեց Ստամբուլի նոր ընտրությունների նախաշեմին սկսված այդ ռազմագործողությունները:
MHP-ի կուսակցապետ Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ պետք է ոչնչացվեն PKK-ին պատկանող ողջ զինտեխնիկան, թաքստոցները և հավելեց, որ այդ նույն ռազմական գործողությունները պետք է կիրառվեն նաև Սիրիայի քրդերի` «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և դրա ռազմական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) զինյալների նկատմամբ:
Հարկ է նշել, որ Թուրքիան PYD/YPG-ի ուժերը նույնացնում է PKK-ի հետ և համարում վերջինիս սիրիական թևը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (HDP-ԺԴԿ), ապա այն քննադատեց «Մագիլ» օպերացիան և PKK-ի դեմ ուղղված հարվածները որակեց որպես միջազգային իրավունքի խախտում: Քրդամետ կուսակցությունը իշխանություններին մեղադրեց երկրում առաջացած տարատեսակ ճգնաժամերն ավելի խորացնելու մեջ: Նշվեց, որ Թուրքիան վերջին 40 տարում նմանատիպ 30 օպերացիա է իրականացրել և բացի մարդկային կորուստների աճից և երկրի ռեսուրսների սպառումից, որևէ օգուտ չի քաղել:
Մյուս հանգամանքը կարող ենք դիտարկել PKK-ի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության համատեքստում: Թուրքիան այս և մնացած ռազմական օպերացիաներով ցանկանում է հետ մղել PKK-ի՝ Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված զինյալներին` դեպի Քանդիլի լեռներ:
Իշխանությանը մոտ կանգնած լրատվականներում հանդիպում ենք «Հաջորդը Քանդիլն է» կամ «2-րդ քայլը Եփրատի արևելքն է» վերտառությամբ հոդվածների, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ռազմական գործողությունները կարող են շարունակվել սիրիական տարածքներում:
Բացի այդ, պետք է նշել, որ PKK-ի նկատմամբ վարած արտաքին քաղաքականության գլխավոր թիրախը հենց Քանդիլն է, ուստի կարելի նկատել, որ այս գործողությունները ուղղված են Քանդիլի շրջափակմանը և PKK-ի գործողությունների նվազեցմանը:
Հարց է առաջանում, թե Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը ե՞րբ հարվածներ կհասցնեն PKK-ի քանդիլյան հենակետերին. մի փոքր բարդ է ասել, սակայն բացառելի չէ, որ Թուրքիան այժմ PKK-ի վերահսկողության տակ գտնվող շրջանները քուրդ զինյալներից «մաքրելուց» հետո հնարավոր է նոր ժամանակավոր ռազմաբազաներ տեղակայի (ինչպես նախկինում է արել), այդպիսով փորձելով արգելք ստեղծել PKK-ի հնարավոր գործողությունների համար:
Հեղինակ` Էլեն Քոքչյան
Աղբյուր` Ermenihaber.am