«Հավաքագրումների ցուցանիշները բավարար չեն». Սուրեն Պապիկյանը՝ Ջրօգտագործողների ընկերությունների տնօրեններին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը, Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները եւ այլ անձինք։
Նախարար Պապիկյանը, խոսելով պետության համար ջրային ռեսուրսների կարեւորության եւ դրանք արդյունավետ կառավարելու անհրաժեշտության մասին, միաժամանակ ընդգծել է, որ ջրային համակարգը երկրի տնտեսության զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում առանցքային նշանակություն ունի։ «Մենք պետք է հոգատարությամբ եւ սրտացավությամբ վերաբերվենք մեր ջրային պաշարներին։ Ջրային ռեսուրսների ճիշտ գնահատմամբ եւ արդյունավետ տեղաբաշխմամբ է պայմանավորված տնտեսության մի շարք ճյուղերի զարգացումը»,- ասել է նախարարը։
Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները նախարարին են զեկուցել ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման ընթացքը, հավաքագրումների հունվար-հունիս ցուցանիշները, ներկայացրել ոլորտի առանձնահատկությունները։
Նախարար Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների հանդեպ հանրային անվստահությունը կոտրելու նպատակով տնօրենների առաջ խնդիր է դրել բարձրացնել աշխատանքի կազմակերպման թափանցիկությունն ու ապահովել տվյալների հրապարակայնությունը։ Սուրեն Պապիկյանը հավաքագրումների ցուցանիշները գնահատել է ոչ բավարար եւ խստիվ հանձնարարել չբավարարվել գանձումների այժմյան մակարդակով եւ ձգտել ապահովել նոր նշաձող։