Քաղաքային իշխանությունները պետք է ավելի շատ հաշվետու լինեն աղբահանության հարցում. փորձագետ
Երեւանից աղբը տեղափոխելու խնդրի լուծման հարցով խոստումները վաղուց են հնչել, եւ այս խնդիրն արդեն մեկ տարի չէ, որ կա: Այս մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանը:
Ընդ որում՝ նա հիշեցրեց, որ բնակչությունը աղբահանության համար, այնուամենայնիվ, ստիպված է վճարել, եւ վարչարարության ու պատասխանատու կառույցների ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով հերթեր են գոյանում:
«Մարդիկ պետք է հերթ կանգնեն, որպեսզի վճարեն բնակչությանը ցույց տրվող անորակ ծառայության համար: Սա անթույլատրելի է»,- դժգոհեց նա:
Փորձագետը շեշտեց, որ այս բոլոր խնդիրներից բացի, իշխանությունների կողմից ոչ մի տեղեկություն չի տրամադրվում այն մասին, թե ինչպիսի միջոցառումներ են պատրաստվում ձեռնարկել խնդրի լուծման համար:
«Տեղեկատվությունը հասանելի չէ, եւ այնպիսի զգացողություն է, որ իշխանությունները բնակչությունից ինչ-որ բան թաքցնում են կամ փորձում են թաքցնել: Հարկավոր է առավել թափանցիկ աշխատել: Թող նրանք գոնե ինչ-որ պարզաբանում տան, որ մարդիկ հանգստանան եւ իմանան, թե ինչ անեն»,- նշեց փորձագետը:
Նա նշեց, որ ամառային ամիսներին մայրաքաղաքից անարդյունավետ աղբահանության հետ կապված խնդիրները կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել եւ մեծացնել արդեն գոյություն ունեցող վտանգների մակարդակը: Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճանների պայմաններում խորանում է սանիտարա-հիգիենիկ իրավիճակի խնդիրը, ինչը չի կարող մտավախություններ չառաջացնել: