Թրաֆիքինգը՝ Ադրբեջանում. Առաջին տեղում կանայք են և երեխաները
Մարդկանց վաճառքի մասին համաշխարհային զեկույցի շրջանակում ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացրած տվյալներից հետևում է, որ Ադրբեջանում աճում է մարդկանց վաճառքը (թրաֆիքինգը):
Զեկույցի մեջ նշվում է, որ մարդկանց վաճառքի մասին գործող օրենսդրությունը Ադրբեջանում ընդգրկում է թրաֆիքինգի բոլոր ձևերը, որոնք նշված են ՄԱԿ համապատասխան արձանագրության մեջ: Դիտվում է երկրի քաղաքացիների սեռական շահագործման աճի միտում՝ մարդավաճառների կողմից հարկադիր աշխատանքի հանդեպ հետաքրքրության նվազմամբ: Ըստ վիճակագրության՝ ադրբեջանցիների համար առավել վտանգավոր երկրներն են եղել Թուրքիան և Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրները:
Բուն Ադրբեջանում ծաղկում է հարսնացուների, երեխաների վաճառքը՝ վերջինների ապօրինի որդեգրման նպատակով: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում մարդավաճառների գրանցված զոհերի թիվը վերջին տարում մեծացել է: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ սա վկայում է երկրում հանցավորության աճի մասին:
Ադրբեջանում գործազրկության պատճառով մարդիկ ցանկացած աշխատանքի համաձայնվում են՝ միայն թե կերակրեն ընտանիքին, չիմանալով, որ առաջարկվող աշխատանքը հանգեցնելու է սեռական շահագործման: Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ համարում են, որ Ադրբեջանում մարդկանց վաճառքի քրեական բիզնեսի մեջ են ներգրավված պետական պաշտոնյաները և իրավապահ մարմինները: Հենց այս պատճառով է Ադրբեջանում շարունակում ծաղկել հանցավորության այս տեսակը: ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ մինչև թրաֆիքինգի ոլորտում հանցագործությունների համար պետական պաշտոնյաները պատասխանատվության չենթարկվեն, հանցագործության այս տեսակը չի հաջողվի կանխել:
Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ ՆԳՆ-ին մեղադրել են «տանիք» լինելու համար մարմնավաճառությանը և որջերին, մարմնավաճառներին որպես ոստիկանական գործակալներ եւ կենդանի խայծ օգտագործելուն՝ հաճախորդների հետագա վարկաբեկման և շանտաժի նպատակով:
Աշխարհի 186 երկրում մարդկանց վաճառքի դեմ պայքարի մասին ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում այս պայքարում Ադրբեջանի ջանքերի վերաբերյալ գնահատականը չի փոխվել: Ադրբեջանը կրկին դասվել է երկրորդ կարգին, այսպես կոչված՝ TIER 2 WATCH LIST երկրների ցանկին, որոնք չեն համապատասխանում TVPA ստանդարտներին:
Ադրբեջանը տարանցիկ երկիր է և նշանակման երկիր հարկադիր աշխատանքի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար, ինչպես նաև սեռական շահագործման ենթարկվող կանանց և երեխաների համար: Ադրբեջանից տղամարդիկ և տղաները սեռական շահագործման են ենթարկվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում և Իրանում: Երկրի ներսում ենթարկվում են հարկադիր աշխատանքի, այդ թվում՝ հարկադիր մուրացկանության: Այնպես որ, Իլհամ Ալիևի խոստացած սոցիալական արդարությունը, մեղմ ասած, երկրում կաղում է և հազիվ թե իրավիճակը բարելավվի, քանի դեռ երկիրը կառավարում է ալիևյան մաֆիան:
Րաֆֆի Սամվելյան