Թուրքիան կարող է կործանիչներ գնել Ռուսաստանից, բացի այդ հույս ունի Ռուսաստանի հետ համատեղ նոր սերնդի հրթիռներ արտադրել
Անկարան կդիտարկի Ռուսաստանից կործանիչներ գնելու հնարավորությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի նրան F-35 կործանիչ-ռմբակոծիչներ մատակարարել։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով թուրք պաշտոնյաներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տվյալներով՝ Թուրքիան նաեւ հույս ունի Ռուսաստանի հետ համատեղ նոր սերնդի հրթիռներ արտադրել։
Ինչպես նշում է գործակալությունը, Անկարան պատրաստվում է հնարավոր սցենարների Վաշինգտոնի կողմից՝ կապված Մոսկվայից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, եւ արդեն ձեռք է բերել ամերիկյան ռազմական տեխնիկայի հիմնական պահեստամասերը։
Իր հերթին, Yeni Safak թուրքական թերթը մայիսի 27-ին տեղեկացրել է, որ Թուրքիան Ռուսաստանից Սու-57 կործանիչների գնման հնարավորությունը կդիտարկի այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հրաժարվի հանրապետությանը մատակարարել F-35-ներ։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի ուշ նաեւ չի բացառել ՌԴ-ից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Անկարան «անայլընտրանք չի մնա» Վաշինգտոնի հրաժարման դեպքում։
Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերման հետ կապված։ Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ այդ համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ը կարող է Թուրքիային F-35 չվաճառել։