Մերձմոսկվայում նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող Հովհաննես Հայրապետյանը կապ է հաստատել
Մերձմոսկովյան Պուտիլկովոյում արյունահեղ իրադարձություններից հետո մեկ ամիս անց, որտեղ հունիսի 1-ին մահացել էր ԳՀՎ հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը, քննությունը, կարծես, փակուղի է մտել: «Սպանություն» հոդվածով մեղադրանք է առաջադրվել քրեական գործի 5 ֆիգուրանտների, եւս չորսին կդատեն խուլիգանության համար:
«Վեճի բոլոր մասնակիցները հայտնի են, նրանց հետ քննչական գործողություններ են կատարվում»,- զեկուցել են ՔԿ-ում:
Սակայն գլխավոր կասկածյալներից մեկը՝ Հովհաննես Հայրապետյանը, արդեն ամսից ավելի իրավապահ մարմիններից թաքնված է: Ընդ որում՝ դեռեւս հունիսի 1-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Միայն թե նրան հաջողվել է առաջինը հայտնաբերել ոչ թե համազգեստավոր մարդկանց, այլ փաստաբանին:
Հիշեցնենք, որ նա այն նույն տղան է, ում հայրը հանցագործությունից հետո 2 շաբաթ անց հայտարարել էր, որ իր որդին այդ վեճի ժամանակ երեք հրազենային վիրավորում է ստացել եւ կորել: Պաշտոնական վարկածով՝ Նիկիտա Բելյանկինի մոտ իսկապես եղել է տրավմատիկ ատրճանակ, ընդ որում՝ հաղորդվում էր, որ նա միայն օդ է կրակել:
Հարազատների պատմած եւ վեճի մասնակիցների ցուցմունքներով հաստատված Հովհաննեսի պատմությունը վերջնականապես խճճել է քննությունը: Իսկ օրերս նա կապ է հաստատել եւ փաստաբանին խոստովանել սպանության կատարումը:
«Հայրը Հովհաննեսին ուղղված տեսաուղերձ է հրապարակել, որից հետո որդին կապ է հաստատել: Ինձ հաջողվեց նրա հետ շփվել, եւ մենք անգամ նրա մեղայականով ներկայանալու տեքստը պատրաստեցինք: Նա խոստովանեց, որ Նիկիտա Բելյանկինին հասցրել է մահացու դարձած դանակի հարվածը, ինչպես նաեւ վիրավորել է վեճի մասնակիցներից եւս մեկին: Սակայն, նրա խոսքով, ինքը դանակը հանել է միայն այն բանից հետո, երբ Նիկիտան սկսել է կրակել: Նա իսկապես վիրավորումներ ունի: Ես դրանք սեփական աչքերով եմ տեսել: Առաջին գնդակը դիպչել է Հովհաննեսի ոտքին, երկրորդ՝ կրծքին, իսկ երրորդը՝ պարանոցին,- «ԿՊ»-ին ասել է Հայրապետյան ընտանիքի փաստաբան Կարեն Ներսիսյանը: - Նա բժշկական օգնության դիմել է, բայց ոչ պաշտոնական»:
Փաստաբանի խոսքով՝ հիմա Հովհաննեսը գտնվում է Ռուսաստանի տարածքում։ Բայց ոստիկանությանը հանձնվել չի շտապում։
«Նա չի հավատում արդար քննությանը, եւ նրան կարելի է հասկանալ, չէ՞ որ ճաղերի հետեւում հիմա անմեղ մարդիկ են գտնվում։ Հովհաննեսն ասաց, որ պատրաստ է հանձնվել, բայց միայն այն դեպքում, թե նրանց բաց թողնեն,- ասել է կասկածյալի փաստաբանը։ - Թե որտեղ է նա գտնվում հիմա՝ ինձ հայտնի չէ»։
Ավելի վաղ նա դատապարտվել է կողոպուտի համար եւ ազատ արձակվել ոչ այնքան վաղուց՝ այս տարվա փետրվարին։
Իրավիճակի պաշտոնական քննությունը ոչ մի կերպ չի մեկնաբանվում։
Հիշեցնենք, որ սեփական կյանքի գնով 24-ամյա մարտիկ Նիկիտա Բելյանկինը փրկել էր ռուս երկու երիտասարդի, որոնք հարբած ծեծկռտուքի մեջ էին մտել 11 հայերի հետ։ Ամեն բան տեղի էր ունեցել հունիսի 1-ին Մոսկվայի մարզի Պուտիլկովո ավանում։ Սպանության մեջ սկզբում մեղադրում էին Սերգեյ Խոջայանին։ Քննության վարկածով՝ հենց նա էր դանակով մահացու հարվածել Նիկիայի սրտին։ Բայց կատարվածից երկու շաբաթ անց որդու անհետանալու մասին ոստիկանություն էր հայտնել Ռոմիկ Հայրապետյանը։ Նա երեք հայ եղբայրների հայրն է, որոնք մասնակցել են ծեծկռտուքին։ Նրա երկու որդիները՝ Համլետը եւ Հրանտը, հիմա գտնվում են քննչական մեկուսարանում։ Նրանց մեղադրում են սպանության, սպանության փորձի եւ խուլիգանության մեջ։ Իսկ ահա երրորդ որդին՝ Հովհաննեսը, իբր այդ կռվին վիրավորվել է երկու գնդակով եւ կորել։
Հունիսի 1-ի շաբաթ երեկոյան մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղի շրջանում սպանվել է ԳՀՎ հատուկ ծառայությունների մարտիկ Նիկիտա Բելյանկինը, որը բազմիցս եղել է թեժ կետերում։ Ամեն բան տեղի ունեցավ բազմահարկ շենքի բակում։ Գիշերվա ժամը մեկին մոտ բնակիչներին արթնացրին կրակոցների ձայները։ Նույն երեկոյան տղամարդն իր ընկերուհու հետ զբոսնում էր եւ չէր կարողացել անտարբեր անցնել ծեծկռտուքի կողքով։