Չինաստանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չմիջամտել Հոնկոնգի գործերին
Չինաստանը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին չմիջամտել Հոնկոնգի գործերին, չաջակցել իրավակարգը խախտողներին եւ նրանց մոլորեցնող ազդանշաններ չուղարկել, ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ իրավիճակը Հոնկոնգում շուտափույթ կկարգավորվի՝ նշելով, որ տխուր է հետեւել նրան, ինչ կատարվում է։
«Ես կցանկանայի ընդգծել, որ Հոնկոնգը Չինաստանի հատուկ վարչական շրջանն է, նրա գործերը Չինաստանի ներքին գործերն են, մենք դատապարտում եւ վճռականապես առարկում ենք համապատասխան երկրների միջամտությանը Չինաստանի ներքին գործերին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ամերիկյան առաջնորդի խոսքերը մեկնաբանելու մասին խնդրանքին։
Նրա խոսքով՝ Չինաստանը «խորհուրդ է տալիս համապատասխան երկրներին զգուշություն ցուցաբերել իրենց խոսքերում եւ գործողություններում, ոչ մի ձեւով աջակցություն չարտահայտել նրանց, ովքեր մասնակից են բռնի գործողություններին եւ օրենքի խախտումներին Հոնկոնգում, մոլորեցնող ազդանշաններ չուղարկել կամ որեւէ անճիշտ քայլ չձեռնարկել»։
Երկուշաբթի Հոնկոնգում երկու ցույց է տեղի ունեցել՝ ամենամյա երթը Հոնկոնգը Չինաստանին հանձնելու 22-ամյակի առիթով հավաքել է գրեթե 550 հազար մարդ, բայց այն խաղաղ էր ու հանգիստ, երկրորդ ցույցը խորհրդարանի շենքի մոտ էր, որտեղ արտահանձնման օրենքում լրացումներ մտցնելուն ընդդիմացողներն առավոտվանից ագրեսիվ պահվածք էին ցուցադրում։ Օրվա երկրորդ կեսին նրանք սկսեցին գրոհել շենքը, որտեղից տարհանել էին բոլորին, բացի ոստիկանությունից, որն ավելի ուշ ստիպված էր նահանջել։ Ժամը 21.00-ին գրոհողները ներխուժեցին շենք, որտեղ ջարդուխուրդ արեցին ամեն ինչ, փչացրին պատերը, կահույքը, կտավները, լուսանկարները, սեւ ներկով ներկեցին Հոնկոնգի զինանշանը նիստերի դահլիճում։ Կեսգիշերից հետո կիրառվեց արցունքաբեր գազ, եւ հաջողվեց արագ ցրել ցուցարարներին։