Իտալիայում Պուտինի այցին ընդառաջ տրակտորով նկարել են իշխան Վլադիմիրի դիմանկարը
Իտալացի նկարիչ Դարիո Գամբարինը, որը կտավի եւ ներկերի փոխարեն օգտագործում է տրակտորը եւ վիթխարի դաշտը, նկարել է Ռուսիայի մկրտիչ իշխան Վլադիմիրին՝ աշխատանքը նվիրելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին Իտալիա եւ Վատիկան:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում Գամբարինը բացատրել է, թե ինչու է ընտրել հենց հին ռուս տիրակալին եւ ինչպես է նկարվել 200-մետրանոց դիմանկարը:
«Նրանց երկուսին էլ առաջին հերթին անունն է միավորում: 2013 թվականին Ֆրանցիսկոս պապի հետ առաջին հանդիպմանը Պուտինը նրան նվիրեց Վլադիմիրի Աստվածամոր սրբապատկերը: Եվ ես ցանկացա պատասխան սիրալիրություն դրսեւորել ու որպես պատասխան նվեր նրան նվիրեցի Վլադիմիրի դիմանկարը, որը Ռուսաստանում առավել պաշտվող սրբերից մեկն է»,- ասել է Գամբարինը:
Կիեւյան իշխանի դեմքը պատկերելու համար, քանի որ չկան նրա ճշգրիտ պատմական դիմանկարներ, իտալացին հիմք է ընդունել Բորովիցկյան բլուրում Վլադիմիրի նոր հուշարձանը:
Իշխան Վլադիմիրի դիմանկարը հայտնվել է ցորենի դաշտում՝ բերքը հավաքելու հաջորդ օրը: Այն մոտ 200 մետր երկարություն է զբաղեցնում, իսկ ընդհանուր 24 հազար «քառակուսի»: Իշխանը պատկերված է թփածածկ մորուքով եւ հին ռուսական սաղավարտով, որի գագաթը կատարված է ուղղափառ խաչի ոճով: Դիմանկարի մակագրությունը կատարված է ռուսերեն՝ «Սուրբ Վլադիմիր»:
«Հաշվի առնելով, որ Պուտինի եւ պապի հանդիպման ընդհանուր թեման է լինելու խաղաղությունը եւ շրջակա միջավայրի ու մարդկային կյանքի պահպանությունը, հույս ունեմ, որ Պուտինը պապին Ռուսաստան կհրավիրի»,- ասում է գութանի եւ տրակտորի վարպետը: