Աֆղանստանից զորքերը հանելով՝ ԱՄՆ-ն այնտեղ կթողնի հետախուզության ուժեր. Թրամփ
ԱՄՆ-ն կնվազեցնի Աֆղանստանում իր զորքերի թվաքանակը, բայց այնտեղ կթողնի հետախուզական ստորաբաժանումներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես այնտեղ կթողնեի շատ ուժեղ հետախուզություն: Մենք պետք է հետեւենք... Ես կթողնեի, եւ մենք կթողնենք շատ ուժեղ հետախուզություն, շատ ավելի մեծ, քան կարելի է կարծել: Դա անչափ կարեւոր է: Եվ մենք կարող ենք այդկերպ վարվել, բայց մենք պետք է զգալիորեն կրճատենք Աֆղանստանում մեր ուժերի թիվը»,- ասել է նա Fox News-ի հետ հարցազույցում:
Ընդ որում՝ նա Աֆղանստանն անվանել է «ահաբեկիչների լաբորատորիա»:
2001 թվականից ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Աֆղանստանում գործողություն են անցկացնում թալիբների եւ այլ խմբավորումների դեմ: Այս ռազմարշավը ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ ամենաերկարատեւն է դարձել: 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հարավային Ասիայում գործողությունների նոր ռազմավարություն էր ներկայացրել, որով նախատեսվում է Աֆղանստանում հակամարտության կարգավորմանը տարածաշրջանի երկրների ավելի ակտիվ մասնակցություն: Դրանից բացի, ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է սկսել «Թալիբան» արմատական շարժման հետ: Թալիբների մամուլի քարտուղար Մուհամմադ Սոհեյլ Շահինը մայիսի վերջին լրագրողներին ասել էր, թե «Թալիբանը» հույս ունի, որ բանակցությունների հաջորդ փուլում ԱՄՆ-ն կհայտարարի Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին:
ԱՄՆ Աֆղանստանի հարցով հատուկ դեսպանորդ Զալմայ Հալիլզադը հայտնել է, որ նոր միջաֆղանական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-8-ը Դոհայում՝ Գերմանիայի եւ Կատարի միջնորդությամբ: