ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմը պատահական չի լինի
Պատժամիջոցները պատերազմ են այլ միջոցներով: Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է Իրանի վրա հարձակում գործելուց, նրա վարչակազմն արդեն անմիջականորդեն հարձակում է գործում միլիոնավոր իրանցիների վրա, գրում է Foreign Policy in Focus-ը:
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները վնաս են հասցնում երկրի տնտեսությանը, սպանում են իրանցիներին, քանի որ առողջապահության համակարգը փորձում է գոյատեւել դեղորայքի ու բուժօգնության պակասի պայմաններում:
«Պատժամիջոցները մեր երկրում առաջին խնդիրն են: Մենք չենք կարող փող փոխանցել եւ պատրաստվել վիրահատությունների: Դա մեզ համար մեծ խնդիր է: Մենք անհրաժեշտ դեղորայք եւ սարքավորումներ չունենք, ինչը որոշ հիվանդների մահվան է հանգեցնում»,- ասում է բժիշկ, Թեհրանում հիվանդանոցի տնօրեն Մոհամմադ Հասան Բանի Ասադը:
Անցած շաբաթ հավելյալ պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի դեմ, որոնց թիրախում էր Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին: Դա, հավանաբար, մեծ քաղաքական ազդեցություն կունենա, եւ Իրանը հետագայում կսպառնա ամբողջովին փակել դիվանագիտական ալիքները:
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն՝ միակողմանի տնտեսական պատժամիջոցները կարող են գնահատվել որպես ագրեսիայի արգելված ակտ, եւ զինված հակամարտության վտանգը դեռեւս առկա է:
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը 7500 զինվորական ուղարկեց, որոնք միացան մոտ 10500 զինվորականներին: ԱՄՆ-ը նաեւ B-52 ռմբակոծիչներ ուղարկեց Մերձավոր Արեւելք:
Միեւնույն ժամանակ, Թրամփի վարչակազմի պաշտոնյաներն Իրանին մեղադրում են Պարսից ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման մեջ: Եվ դա լուրջ սրացում է: Առավել լուրջ են կիբերհարձակումները, որոնք ԱՄՆ-ը ձեռնարկել է Իրանի դեմ:
Բոլոր այդ գործողություններն ուղղված են Իրանին սադրելուն, ուղիղ ռազմական հակամարտությանը, որը կարող է տարածաշրջանային պատերազմի հանգեցնել: Նման առճակատումը չպետք է սկսվի Իրանի ուղղությամբ ԱՄՆ ուղիղ հարվածից, սակայն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն, անկասկած, կողմ են դրան:
Այժմ երկու կառավարությունները ճնշման տակ են՝ Թրամփին ճնշում են սեփական խորհրդականները, ինչպես նաեւ դաշնակիցները՝ Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը, որոնք ուրախ կլինեին տեսնել՝ ինչպես է ԱՄՆ-ը պատերազմում Իրանի հետ: Փաստացի, մինչեւ ատամները զինված Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը կարող են պատերազմ հրահրել:
Իրանի վրա ճնշում են գործադրում միջուկային գործարքի մասնակիցները:
Սակայն ամենամեծ վտանգը Հորմուզի նեղուցն է, որով նավթ եւ բնական գազ է փոխանցվում համաշխարհային շուկաներ: Հենց այնտեղ տեսնում ենք «իսկ ինչ կլինի, եթե» սցենար, որը գիշերները հանգիստ չի տալիս:
Ի՞նչ կլինի, եթե ամերիկացին կամ իրանցին, որը գիշերը հսկում է Հորմուզի նեղուցը, հանկարծ պայթյուն տեսնի եւ մտածի, որ այդ զենքն արձակվել է այլ կողմից:
Երկու երկրների լարված հարաբերությունները գալիս են անցյալից, սակայն պատերազմի սպառնալիքը դեռեւս մնում է:
Սակայն կողմերից ոչ մեկը պատերազմելու ռազմավարական պատճառ չունի: Սակայն այն, որ Թրամփի վարչակազմը փորձում է ամեն գնով սադրել Իրանին, դժվար է պատահականություն համարել: