Ստամբուլի դատարանը «Էրգենեկոն»-ը չգործող կազմակերպություն է ճանաչել
Ստամբուլի դատարանը «Էրգենեկոն»-ը (Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն) չգործող կազմակերպություն է ճանաչել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sabah-ին:
Պարբերականը հիշեցնում է, որ 2003 թվականին «Էրգենեկոն»-ը կասկածվում էր այդ ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնից հեռացնելու փորձի մեջ:
Sabah-ի տեղեկություններով՝ կրկնակի դատական գործընթացի շրջանակում այդ աղմկահարույց գործով կրկին արդարացվել է 235 կասկածյալ:
Ավելի վաղ «Էրգենեկոնն» անվանում էին նաեւ «ստվերային կառավարություն»: Գործին ընթացք է տրվել Ստամբուլում նռնակներով պահեստ հայտնաբերելուց հետո, որոնք ենթադրաբար պատկանում էին այդ կազմակերպությանը: Քննությունը սկսվել է 2007 թվականին եւ քննադատության արժանացել հասարակության կողմից: Շատերը կարծում էին, որ այն նպատակ ունի հեռացնել Էրդողանի համար անցանկալի անձանց ու խափանել երկրում աշխարհիկ գործընթացների զարգացման հիմքը: