Խաչատրյան քույրերից կրտսերի գործը առանձին կքննվի
Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից կրտսերի գործը առանձին կքննվի՝ կապված նրան անմեղսունակ ճանաչելու հետ: Երկուշաբթի այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
«Փորձաքննությամբ նա անմեղսունակ է ճանաչվել, ուստի նրա դեմ գործն առանձին վարույթով կքննվի եւ դատավարությունն էլ 2 ավագ քույրերի գործից առանձին կընթանա»,- ասել է Լիպցերը:
Փաստաբանը հստակեցրել է, որ այս պահին գործի նյութերին ծանոթանում են տուժող կողմի ներկայացուցիչները: «Պաշտպանական կողմը դեռեւս չի սկսել ծանոթանալ, մենք սպասում ենք տուժող կողմից այս ընթացակարգի ավարտին»,- ասել է պաշտպանը:
Մոսկվայի Բասմանյան դատարանն ավելի վաղ մինչեւ հուլիսի 28-ը երկարացրել էր Խաչատրյան 3 քույրերի՝ որոշակի գործողությունների արգելքի ձեւով խափանման միջոցը:
Խաչատրյանների գործը
Քննչական կոմիտեն վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացրել Խաչատրյան 3 քույրերին: Նրանց մեղասագրվում է սպանություն, որը նախանական համաձայնությամբ կատարվել է մի խումբ մարդկանց կողմից (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» («ж») կետ): Ըստ մեղադրանքի ֆաբուլայի՝ երեք քույրն էլ մասնակցել են իրենց մեղսագրվող հանցագործությանը: Ընդ որում՝ մեղադրանքի մեջ քննիչը նշում է, որ քույրերի գործողությունները հրահրվել են տուժող Միխայիլ Խաչատրյանի կողմից: Գործով քննությունը դեռեւս չի ավարտվել:
Մեղադրյալների պաշտպանները անցած շաբաթ բողոքներ են ներկայացրել Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինին վերջնական խմբագրմամբ նրանց որպես մեղադրյալ ճանաչելու վերաբերյալ։ Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողությունները կատարել են հոր կողմից երկար տարիներ շարունակվող բռնությունից անհրաժեշտ պաշտպանության շրջանակում։ Փաստաբան Ալեքսեյ Պարշինի խոսքով, որը ներկայացնում է միջնակ քրոջ՝ Անգելինայի շահերը, որպես հիմնական վարկած «քննությունը պետք է դիտարկի անհրաժեշտ ինքնապաշտպանությունը, իսկ Միխայիլ Խաչատրյանի դեմ պետք է հետմահու քրեական գործ հարուցել»։
Քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատրյանի սպանության մեջ։ Նրա մարմինը բազմաթիվ ծակող-կտրող վերքերով հայտնաբերվել է 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայի Ալտուֆեւյան փողոցի նրանց տանը։ Հարցաքննության ժամանակ աղջիկներն ընդունել են մեղքը եւ բացատրել, որ թշնամական հարաբերություններ են ձեւավորվել հոր հետ, քանի որ նա երկար ժամանակ նրանց բարոյական եւ ֆիզիկական տառապանքներ է պատճառել։ Հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունն ավելի ուշ ցույց է տվել, որ Խաչատրյանն ունեցել է անձի խանգարումներ, իսկ ավագ դստեր մոտ փորձագետները հայտնաբերել են հոգեկան խանգարումներ հոր կողմից ոտնձգությունների եւ ծաղրուծանակի հողի վրա։
Անցած տարվա օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինյան դատարանը ձերբակալել էր նրանց։ Սեպտեմբերի 27-ին Բասմանյան դատարանը փոխել էր նրանց խափանման միջոցը՝ կալանքից դարձնելով որոշակի գործողությունների արգելք, նրանք ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։