Սրտառուչ պատմություն. Գողերը ներողություն են խնդրել եւ ըմբշամարտիկի գողացած գոտիները տղային վերադարձրել, ով ուղեղի վիրահատության է ենթարկվելու
Վաշինգտոնում (ԱՄՆ) արտասովոր պատմություն է տեղի ունեցել. գողերը ներողություն են խնդրել և ըմբշամարտիկի գողացած գոտիները տղային վերադարձրել, ով ուղեղի վիրահատության է ենթարկվելու:
New York Post-ը հայտնում է, որ հնգամյա Թիմին աուտիզմով է տառապում: Ուղեղի վիրահատությունից առաջ, տղային ոգեւորելու համար նրա հայրը՝ Թիմ Վիկը, ծանոթից փոխ էր վերցրել WWE ռեսթլինգի ֆեդերացիայի մի քանի գոտի: Տղան շատ էր սիրում այդ հաղթավարները, եւ դրանցից չէր բաժանվում անգամ քնել պատրաստվելիս:
Որքան մեծ էր նրա հիասթափությունը, երբ գոտիներով տուփը, որը վերանորոգման արհեստանոցից բերվել էր տան շեմ, ըստ տեսահսկման սարքերի տեսագրությունների՝ երկու կին գողացել էին: Հաղթավարների գողության մասին լուրը տարածվել էր համացանցում: Դրանից բացի, ոստիկանության շրջանային դեպարտամենտը հոլովակ էր հրապարակել՝ խնդրելով օգնել գողոնի որոնումներին:
Երկու օր անց այդ նույն մեքենան, որը նկատվել էր կողոպուտի օրը, մոտեցել էր Վիկի տանը, եւ այնտեղից դուրս էին նետել պայուսակը գոտիներով եւ չորս էջանոց գրությամբ։ Դրանում անհայտ կողոպտիչը խոստովանում էր, որ ամաչում է արածի համար, եւ ինքն էլ վեց տարեկան երեխա ունի։ Գողերը, իրենց խոստովանությամբ, ստիպված են պայքարել թմրակախվածության եւ գլխավերեւում տանիք չունենալու դեմ, եւ «փորձում են արագ փող վաստակել»։
Այնինչ, նրանք անգամ չեն էլ կասկածել, թե ինչ է եղել գողացված տուփում։ «Մենք երբեք չենք ցանկացել գողանալ երեխայի հույսը։ Տեսնելով լուրերում այդ պատմությունը՝ մենք որոշեցինք կանգնել ազնիվ ճանապարհին»,- ասվում է գրությունում։
Տեղի ոստիկանությունում ասել են, որ չեն պատրաստվում մեղադրանք առաջադրել կողոպտիչներին։
Հիվանդ տղայի հայրը միջոցներ է հավաքում, որպեսզի փակի սպասվող վիրահատության ծախսերը։