Մի շարք տոնական միջոցառումներ Հայաստանի ազգային գրադարանում
Հայաստանի ազգային գրադարանը տոնում է պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը: 1919 թվականի հուլիսի 4-ին ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով է գրադարանը ստացել Պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ:
Հայաստանի ազգային գրադարանում Հոբելյանական միջոցառումները կսկսվեն հուլիսի 2-ից: Այդ օրը ցուցադրությամբ կներկայանա Անձեռնմխելի գրականության բաժինը:
Ժամը 12:00-ին Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի «Նվեր գրադարանին» խորագրով ցուցադրությունը: Նույն օրը՝ ժամը 14:00-ին, Անձեռնմխելի գրականության ընթերցասրահում կբացվի «Երևանի Արական գիմնազիայի գրադարանի գրականությունը» խորագրով ցուցադրություն:
Հուլիսի 3-ին նույնպես շատ հետաքրքիր ցուցադրություն է նախատեսված.
Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժինը կներկայացնի Հայաստանիազգային գրադարանի հրատարակությունները՝ մատենագիտություններ,
կենսամատենագիտություններ, մատենագիտական ցանկեր և այլն:
Հուլիսի 4-ին, ժամը՝ 14:00-ին, Թամանյանական մասնաշենքում «Անտարես» հրատարակչության հետ համատեղ կկազմակերպվի մրցանակաբաշխություն:
Հայաստանի ազգային գրադարանում կհանդիպեն 10 ամենաընթերցասեր այցելուները եւ ամենաընթերցված հայ ժամանակակից գրողները:
2018 թվականի լավագույն 10 ընթերցողներին կշնորհվի խրախուսական մրցանակներ։ Պատվոգրերի կարժանանան նաև գրադարանի երկարամյա աշխատակիցները:
Տոնական միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով:
Հոբելյանական միջոցառման շրջանակում այդ օրը կբացվի նաեւ «Գրադարանի
պատմությունը՝ լուսանկարներում» խորագրով ցուցադրությունը. Փոքր ցուցասրահում կներկայացվեն հետաքրքիր լուսանկարներ գրադարանի արխիվից:
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում «Հեղինակները մեր ընթերցողներն են» խորագրով ցուցադրություն կկազմակերպի Գիտական և մամուլի ընթերցասրահը:
Միջոցառումների շարքը կեզրափակվի Սպասարկման բաժնի
կողմից կազմակերպված «Լևոն Շանթ-150» խորագրով ցուցադրությամբ՝
հուլիսի 15-ին:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում ողջ տարվա ընթացքում նախատեսվում են նաեւ գիտական ընթերցումներ, դասախոսություններ, ցուցադրություններ եւ այլ միջոցառումներ: