Ճապոնիայում Արա Գյուլերի ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաև Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսի բացմանը։ Այս մասին հաղորդում է TRT-ն։
Միջոցառումը տեղի է ունեցել Տոֆոկուձիի տաճարում։
Էրդողանը հայտարարել է, որ Արա Գյուլերի աշխատանքները, որոնք ներկայացնում են գրեթե կեսդարյա ժամանակահատված, պատվավոր տեղ են զբաղեցնում աշխարհի տարբեր թանգարաններում, հավաքածուներում, ցուցահանդեսներում։
Հիշեցնենք, որ ծագումով հայ լուսանկարիչ Արա Գյուլերը, որը հայտնի էր «Ստամբուլի աչք» անունով, կյանքից հեռացավ 2018թ.-ի հոկտեմբերին՝ 90 տարեկան հասակում։ Գյուլերը աշխարհի լավագույն լուսանկարիչների յոթնյակում էր։
Նրա լուսանկարներից շատերի հերոսները հայտնի մարդիկ են, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին, Ալֆրեդ Հիչքոքը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Մերիլին Մոնրոն, Մարիա Կալլասը և այլք։