Միացյալ Նահանգներում բժիշկները փրկել են երկվորյակներին՝ ուռուցքը հեռացնելով անմիջապես ծննդաբերության ժամանակ
Չիկագոյում գտնվող մանկական հիվանդանոցի բժիշկները ծննդաբերության ընթացքում երեխայի պարանոցի շուրջ տեղակայված ուռուցքի հեռացման եզակի վիրահատություն են կատարել: Այս մասին հաղորդվում է հիվանդանոցի կայքում հրապարակված հոդվածում:
Բժիշկները, երկվորյակների ներարգանդային կյանքի երրորդ ամսվա ընթացքում, ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նրանցից մեկի պարանոցի վրա գոյացություն են նկատում: Պարզվում է, որ դա տերատոմա է՝ արագ զարգացող ուռուցք, որը կարող է ճնշում գործադրել երեխայի շնչուղիների վրա:
Բարդությունը կարող էր ազդել նաև երկրորդ երեխայի վրա՝ ընդհանուր ընկերքի պատճառով:
Ծննդաբերության ժամանակ բժիշկները հեռացրել են Ջենեսայի պարանոցի ուռուցքը, որը գրեթե նրա գլխի չափ էր: Դրանից հետո հետո երկու աղջիկները տեղափոխվել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Ջենեզիսը, որը ծնվել է առանց ուռուցքի, հիվանդանոցում երեք ամիս անցկացնելուց հետո, գնացել է տուն: Ջենեսայի մոտ ինքնուրույն շնչելու և սնվելու հետ կապված բարդություններ են առաջացել:
Ըստ բժիշկների, երեխայի մոտ հետագայում այլ խնդիրներ կարող են առաջանալ՝ ժամանակից շուտ ծնվելու և թերզարգացած թոքերի պատճառով:
Աղջիկն աստիճանաբար կազդուրվել է և այս շաբաթ դուրս գրվել հիվանդանոցից: Նրան տուն են տարել ծնողները և երկվորյակ քույրիկը: Ինչպես նշվում է, աղջիկները լույս աշխարհ գալուց հետո չէին հանդիպել: