Իրանը հաստատել է Չինաստանից զբոսաշրջիկների համար մուտքն առանց արտոնագրի
Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հաստատել է Չինաստանից երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի որոշումը: Այդ մասին կիրակի հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ մեջբերելով Իրանի մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Վալի Թեյմուրիի հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ չինացի զբոսաշրջիկներին այլեւս անհրաժեշտ չէ մուտքի արտոնագիր ստանալ երկիր այցելելու համար:
Անցած շաբաթ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանձնարարել էր երկրի ներքին գործերի նախարարին մտածել հանրապետություն ժամանող զբոսաշրջիկների անձնագրերում մուտքի կնիք չդնելու հարցի շուրջ: Այդ քայլը ձեռնարկվել էր օտարերկրյա քաղաքացիների այցելությունները դեպի Իրան հեշտացնելու նպատակով առանց մտահոգվելու, որ նրանց դեմ ԱՄՆ-ի կողմից ինչ-որ պատժամիջոցներ կգործադրվեն:
Անցած տարի ԱՄՆ-ի իշխանությունները նախազգուշացրել էին, որ որոշ պետություններ, մասնավորապես, Իրան այցելող անձանց նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտք գործելու դեպքում առանձին սահմանափակումներ: