Թրամփը դարձավ Հյուսիսային Կորեայի սահմանը հատող ԱՄՆ առաջին նախագահը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդանշանակորեն հատել է զինվորական սահմանազատման գիծը և Հարավային Կորեայից մտել է Հյուսիսային Կորեայի տարածք: Այսպիսով, նա ԱՄՆ առաջին նախագահն է, որ մտել է Հյուսիսային Կորեայի տարածք:
Թրամփին Կորեաների սահմանազատման գծում ողջունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը: Նրանք սեղմել են միմյանց ձեռք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին հրավիրել է Վաշինգտոն: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Ես քեզ հրավիրում եմ Սպիտակ տուն հենց հիմա»,- ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգների ղեկավարի առաջարկին ի պատասխան՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ժպտացել է:
«Ուրախ եմ քեզ կրկին տեսնելու համար: Ես չէի սպասում քեզ այստեղ հանդիպել»,- ասել է Կիմ Չեն Ինը:
Առայժմ անհայտ է՝ համաձայնե՞լ է արդյոք Կիմ Չեն Ինը Թրամփի հրավերին:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Թրամփը ժամանել է ապառազմականացած գոտի՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպելու համար: