ԱՄՆ-ի սահմանին զոհվել է Էլ Սալվադորից 43-ամյա միգրանտը, որը ժամանել էր երեխայի հետ
ԱՄՆ-ի սահմանային կայանում ընկել, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել է Էլ Սալվադորից 43-ամյա միգրանտը, որը ժամանել էր այդտեղ իր մանկահասակ դստեր հետ, հաղորդում է Associated Press –ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Տղամարդը ավելի քան 1 շաբաթ պահվում էր Տեխաս նահանգի Մաք Ալեն քաղաքում Ռիո Գրանդե Վելի տվյալների մշակման կենտրոնում: Առողջության հետ կապված խնդիրներ ունեցող միգրանտը պարբերաբար անցնում էր բուժզննում:
Նրա երեխան դեռեւս գտնվում է սահմանային ծառայությունում, սակայն իշխանությունները պահանջել են, որ արագացվի երեխայի տեղափոխումը համապատասխան հաստատություն, որը զբաղվում է սահմանը միայնակ հատած երեխաների խնամքով:
Աղջիկը կմնա խնամքի հաստատությունում մինչեւ որոշվի նրա հետագա ճակատագիրը: Նրա հոր մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Անցկացվում է հետաքննություն, որի մասնամասները չեն հաղորդվում:
Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է ինչպես Կոնգրեսը, այնպես էլ Ազգային անվտանգության նախարարությունը: Բացի այդ, համապատասխան ծանուցումն ուղարկվել է նաեւ Էլ Սալվադորի իշխանություններին:
Ինչպես նշում է գործակալությունը, սահմանային կայանները կարող են ընդունել շուրջ 4000 մարդ, սակայն ներկայումս սահմանում պահվում է ավելի քան 15000 մարդ: