Այս տարի դարձյալ Սիրիայի վերաբերյալ գագաթաժողովը տեղի կունենա Ստամբուլի ձեւաչափով. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այս տարի նախատեսվում է Սիրիայի վերաբերյալ հերթական գագաթաժողովը Ստամբուլի ձեւաչափով՝ Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Թուրքիա։ Այս մասին նա ասել է Օսակայում, շաբաթ օրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրա ելույթի տեսագրությունը Թվիթերում տեղադրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերթը։
«Ես այսօր երկկողմանի բանակցություններ եմ վարել նախագահ (Ռուսաստանի) Պուտինի հետ... եւ նախագահ (Թուրքիայի) Էրդողանի հետ։ Բացի Մինսկի գործընթացից, որի մասին խոսել ենք, պետք է ելնել նրանից, որ մենք ցանկանում ենք մեկ տարվա ընթացքում շարունակել ստամբուլյան ձեւաչափը՝ Էրդողանի, Պուտինի, Մակրոնի եւ Մերկելի հետ։ Մենք ցանկանում ենք տեղյակ լինել Իդլիբի իրավիճակի եւ փախստականների իրավիճակի մասին, ցանկանում ենք ազդանշան տալ»,- նշել է Գերմանիայի կանցլերը։
Ստամբուլի նախորդ գագաթաժողովը Սիրիայի վերաբերյալ տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 27-ին։ Հանդիպման մասնակիցները հաստատել են, որ հանդես են գալիս ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական լուծման օգտին։ «Քառյակի» առաջնորդները կողմնակից են սիրիացիներին հումանիտար օգնության ավելացմանը եւ ավերված ենթակառուցվածքի վերականգնմանը։