Անգլիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է արծաթի հնագույն հանքավայր
Անգլիական Քոռնուոլ կոմսությունում հնագետները մի ամբողջ շարք հնագիտական հայտնագործություններ են արել։ Նրանք գտել են հնագույն հանքավայր, որտեղ, ինչպես կարծում են հետազոտողները, արծաթ է արդյունահանվել, տեղեկացնում է Planet Today-ը։
Բացի այդ, հայտնաբերվել են ամրացված բնակավայրի մնացորդներ եւ դեպի այն տանող ճանապարհ, որոնք կառուցվել են հին հռոմեացիների կողից։
Հնագիտական աշխատանքները Քոռնուոլում կատարվում են կոմսության տարածքի ուսումնասիրման նպատակով։ Եվ կարելի է վստահաբար ասել, որ հետազոտություններն արդեն լուրջ արդյունքներ են տվել։ Առաջին հերթին, խոսքը քարայրների խմբի մասին է, որոնք միմյանց միացած են կամարաձեւ թունելներով։ Ժամանակին, կարծում են գիտնականները, դա հանքերից մեկն է եղել, որը կառուցվել է բազում հարյուրամյակներ առաջ, որտեղ զբաղվել են արծաթի արդյունահանմամբ։
Բացի այդ, այստեղ հայտնաբերվել են հին հռոմեական ամրություն եւ ճանապարհ, որը տանում է դեպի ռազմական ամրություն։ Եվ եթե ճանապարհն իր տարիքի համեմատ հիանալի պահպանվել է, ապա ամրության շինություններից միայն որոշ տարրեր են մնացել։
Հենց այդ պատճառով էլ դժվար է որոշել, թե երբ է կառուցվել ամրությունը։ Որոշ արտեֆակտներ մատնանշում են, որ ամրությունը կառուցվել է մոտավորապես մ.թ.ա. 50 թվականին եւ օգտագործվել է հին հռոմեացիների կողմից 30 տարի։ Ընդ որում՝ ամրացված բնակատեղիում ապրել է 500 մարդ, ինչը փոքր թիվ չէ։