Ռոնալդ Բեյքերը Հայաստանը բացահայտելու մեծ ցանկություն ունի
Ջազ վոկալիստ եւ շեփորահար Ռոնալդ Բեյքերը (ԱՄՆ) հանդես կգա Հայաստանում: Երաժիշտը հուլիսի 11-ին` ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ:
Բեյքերը փաստում է՝ սա նրա առաջին այցն է Հայաստան, եւ ինքը մեր երկիրը բացահայտելու մեծ ցանկություն ունի: «Շատ բան չգիտեմ Հայաստանի մասին, բայց տարիներ առաջ նվագել եմ մի հիասքանչ հայ դաշնակահարի հետ, ով ինձ պատմել է Հայաստանի հարուստ երաժշտական ժառանգության մասին: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հնչողությունը հիանալի է, վստահ եմ՝ հիասքանչ ժամանակ ենք անցկացնելու: Հանդիսատեսն էլ շատ է հավանելու մեր համերգը»,- նշում է Ռոնալդ Բեյքերը:
Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը եւ Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական եւ ժամանակակից ջազային ստեղծագործություններ:
Բեյքերը նշում է՝ ջազն, անշուշտ, ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն է վայելում: Երաժիշտը հավելում է՝ ինչպես եւ դարեր առաջ, այնպես էլ այսօր երաժշտություն լսելիս հանդիսատեսն ուզում է զվարճանալ: Սակայն մեր օրերում մարդիկ ունեն առավելություն՝ համացանցի միջոցով կարողանում են առնչվել հիասքանչ երաժշտությանը:
Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968թ.-ին: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետեւ բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար եւ վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը եւ այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն: