ԵՄ-ը և Իրանը սկսել են օգտագործել ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նոր ֆինանսական մեխանիզմ
Իրանի հետ առևտրի համար Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ստեղծած Instex մեխանիզմով արդեն իրականացվել են առաջին ֆինանսական տրանսակցիաները։ Այս մասին ուրբաթ՝ հունիսի 28-ին, տեղեկացրել են Եվրամիության ներկայացուցիչները Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո, հաղորդում է DW-ն։
Եվրոպական այս ֆինանսական մեխանիզմի խնդիրը Իրանի հետ գործարքների մասնակիցների պաշտպանությունն է ամերիկայն պատժամիջոցներից։ Instex-ի կենտրոնական գրասենյակը Փարիզում է, այն գլխավորում է գերմանացի Պեր Ֆիշերը։
Սկզբնական փուլում մեխանիզմը նախատեսվում է օգտագործել մարդասիրական նպատակներով և հետո միայն բացել այն բիզնեսի համար։ Reuters գործակալությունը նշում է, որ Instex-ը ավելի շուտ քաղաքական ազդանշան է. այն չի կարող լիովին փոխհատուցել ամերիկյան պատժամիջոցների վնասները։
Այնինչ, հուլիսի սկզբին Իրանը մտադիր է իրականացնել իր սպառնալիքները և հրաժարվել միջուկային գործարքի պարտավորությունների ևս մի մասից։ Հուլիսի 7-ին երկիրը նոր քայլեր կձեռնարկի, որպեսզի կրճատի խոստումները 2015 թվականի համաձայնագրի վերաբերյալ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանիի խոսքերը մեջբերում է իրանական «Ֆարս» գործակալությունը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի գծով եվրոպացի գործընկերներն ամեն բան չեն արել, որպեսզի փրկեն այս պայմանագիրը։