Թրամփը ցանկանում է սեղմել Կիմ Չեն Ընի ձեռքը Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հրավիրել է հանդիպման Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմանին, տեղեկացնում է BBC News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի Թվիթերի գրառմանը։
«Մի քանի շատ կարևոր հանդիպումներից հետո, ներառյալ իմ հանդիումը Չինաստանի նախագահ Սիի հետ, ես մեկնելու եմ Հարավային Կորեա (հանդիպելու նախագահ Մունի հետ)։ Այդ ուղևորության ժամանակ, եթե Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմը տեսնի սա, ես կհանդիպեի նրա հետ, պարզապես որպեսզի սեղմեմ ձեռքն ու ասեմ՝ «ողջույն»,- գրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահը շաբաթ օրը երկօրյա այցով պետք է մեկնի Հարավային Կորեա G20-ի գագաթաժողովից հետո։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման քննարկումը, ըստ երևույթին, ասնպասելի քայլ էր։
Թրամփը մեկնաբանել է գալիք հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի հետ աշխատանքային նախաճաշից առաջ։
«Եթե նա այնտեղ լինի, մենք կտեսնվենք երկու րոպե, և դա հիանալի կլինի»,- ասել է նա լրագրողներին։